Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

28.05.2016

Սիրելի՛ հայրենակիցներ,

 շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ:
 Հայաստանի առաջին հանրապետությունը ծնվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի կենաց և մահու մարտերում տարած վճռական հաղթանակներից հետո: Հաղթանակներ, որոնք հավաստեցին՝ հայոց բազկի ուժը չի՛ նվազել, իսկ մեր ազատ և անկախ ապրելու կամքն անկոտրում է:
 Մեր նախնիները չխնայեցին իրենց կյանքը և մեզ սեփական հողում արժանապատվորեն ապրելու, գիտություն, տնտեսություն ու մշակույթ զարգացնելու հնարավորություն ընձեռեցին: Այս տարվա ապրիլին էլ անձնվիրության բազմաթիվ օրինակներ տեսանք՝ անցյալի հերոսների պատգամներին ու գործերին արժանի:
 Պատմությունը շատ դասեր է տվել մեզ, որոնցից մեկն էլ սեփական պետականությամբ աշխարհին ներկայանալու կենսական անհրաժեշտությունն ու հրամայականն է: 1918 թվականի այս օրերին, պետականությունը կորցնելուց հարյուրամյակներ անց, հայը կրկին լծվեց պետականակերտման գործին, հիմք դրեց այն հոգեբանությանը, որը հետագայում դարձավ բազում փորձությունների միջով արժանապատվորեն անցնելու հզոր կռվան:
 Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ բոլորիս մաղթում եմ քաջառողջություն, ամենայն բարիք և բազկի ու մտքի անհատնում ուժ՝ ի բարօրություն մեր ժողովրդի և ի զորացումն մեր սրբազան Հայրենիքի:

 


ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Լուսանկարներ