Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

22.05.2015

Սիրելի շրջանավարտներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկի՝ դպրոցական Վերջին զանգի առթիվ:
Այսօրվանից նոր էջ է բացվում ձեր կենսագրության մեջ. թերևս ամենակարևոր էջը, և շատ կարևոր է, որ այն ազնիվ ու անկեղծ սկիզբ ունենա:
Մարդու մեծագույն, աստվածատուր շնորհը հիշողությունն է: Այսօր դուք մեծ կյանք եք մտնում` գիտելիքի հետ միասին մեր հնամյա ժողովրդի դարավոր ավանդույթներն ու սովորույթները ձեր հիշողության մեջ ամբարած, նաև որպես  հերոսական մեր նախնիների արժանի ժառանգորդ ու ապագայի սերմնացան:
Ապրելով Հայաստանում` դուք ոչ միայն բացառիկ հնարավորություն ունեք շենացնելու մեր անկախ հայրենիքը, այլև աշխարհի չորս ծագերում սփռված ձեր հասակակիցներին պատմելու բազում զրկանքներ կրած, բայցև հերոսական ու հաղթանակներ գրանցած մեր ժողովրդի մասին՝ նաև ի հիշատակ 1.5 միլիոն այլևս Սուրբ  նահատակների։ Ոգեկոչելով նրանց հիշատակը՝ դուք կնպաստեք հայության համախմբմանն ու հզորացմանը՝ ձեր ավանդը բերելով հայ դատի արդարացի լուծմանը։
Սիրելի շրջանավարտներ,
շարունակեք սովորել, հարստացրեք ձեր գիտելիքները, դարձեք  արժանապատիվ մարդ, ճշմարիտ հայ ու հայրենասեր:
Տոնական այս օրը մաղթում եմ, որ պարզ ճակատով, արժանապատվության բարձր գիտակցումով մտնեք մեծ կյանք ու, բարձր պահելով մեր նախնյաց պատիվը, միշտ հպարտությամբ հիշեք, որ ազատ ու անկախ Հայաստանի և մայրաքաղաք Երևանի քաղաքացին եք:

Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ

Լուսանկարներ