Երևանի քաղաքապետարանի և Մարսելի տուրիզմի ու կոնգրեսի գրասենյակի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

27.11.2017

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպված գործարար համաժողովին, որի ժամանակ Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը ներկայացրել է Երևանի զբոսաշրջային ոլորտի ներուժն ու զարգացումը, մասնավորապես միջոցառումային զբոսաշրջության, ենթակառուցվածքների ստեղծման և զբոսաշրջության ոլորտում առկա ներդրումային ծրագրերի համատեքստում:

Այնուհետև համաժողովում Երևանի քաղաքապետարանի, ի դեմս քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի, և Մարսելի տուրիզմի ու կոնգրեսի գրասենյակի, ի դեմս տիկին Դոմինիք Վլաստոյի ու Մաքսիմ Տիսսոյի, միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակում կողմերը պարտավորվել են ակտիվորեն նպաստել երկուստեք համագործակցության խորացմանն ու նպատակային քայլեր ձեռնարկել երկու քաղաքների միջև զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով՝ իրականացնելով փորձի փոխանակման, վերապատրաստումների կազմակերպման, անհրաժեշտ նյութերի և տեղեկատվության փոխանակման հստակ ծրագրեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին