Երևանի քաղաքապետարանն արժանացել է «Մատչելի տարածքային կառավարման մարմին» անվանակարգի

28.02.2017

«Հայկական ճամբար» ՀԿ-ն մատչելի ենթակառուցվածքներ և ծառայություններ ունեցող կազմակերպություններին ու ընկերություններին խրախուսելու և մատչելի վայրերի մասին տեղեկատվությունը հանրայնացնելու նպատակով առաջին անգամ Հայաստանում անցկացրել է «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունը: 

Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող առավելապես հարմարեցված շենք-շինություններով, ինչպես նաև համապատասխան մատչելի ծառայություններ մատուցող 10 պետական և մասնավոր կառույց պարգևատրվել է: Երևանի քաղաքապետարանը «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Մատչելի տարածքային կառավարման մարմին» մրցանակին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ստանալով մրցանակը, շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի աշխատանքը գնահատելու համար և համառոտ ներկայացրել մատչելիության ապահովման ուղղությամբ արված աշխատանքները:
«Վերջին տարիներին Երևանի զարգացման ծրագրերում հատկապես կարևորված և սոցիալական առաջնահերթություններից են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները: Այս ուղղությամբ Երևանի քաղաքապետարանում արդեն մի քանի տարի գործում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերի շնորհիվ այսօր մայրաքաղաքն ապահովված է ավելի քան 1200 հարմարավետ թեքահարթակով, որոնք, ըստ փողոցների առաջնահերթության, կառուցվել են շահառուների անմիջական առաջարկությամբ և հսկողությամբ: Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար երթուղիներում գործում է նաև 25 հարմարեցված ավտոբուս: Խոսքի և լսողության խնդիրներով անձանց համար ստեղծվել է նաև շուրջօրյա առցանց հաղորդակցման համակարգ: Այս ծրագրերը կլինեն շարունակական: Խորհրդային շրջանից ժառանգություն մնացած շենքերի կառուցվածքի պատճառով, ցավոք, խնդիր է շենքերի մատչելիությունը, մինչդեռ այժմ քաղաքաշինական թուլտվություններում հաշմանդամություն ունեցողների համար մատչելիության ապահովումն ամրագրված է և հատուկ հսկողության տակ է: Առհասարակ, պետք է ընդգծեմ, որ հաշմանդամներին առնչվող բոլոր խնդիրները քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ու մշտական ուշադրության կենտրոնում են»,-նշել է Ռուզաննա Զաքարյանը:
«Մատչելի վայրեր» նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ անցկացված «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հնարավորությունների խթանում և մասնակցայնության ընդլայնում» ծրագրով:
«2014թ.-ից, երբ ստեղծվեց «Matcheli.am» կայքը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, մենք դիտարկեցինք տարբեր կառույցներ: Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին տարիներին կատարված աշխատանքներն իսկապես նկատելի ու զգալի են: Ամեն տարի մայրաքաղաքի բյուջեով իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար մի շարք կարևոր ծրագրեր: Քաղաքապետարանի շենքում ևս հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովված է մատչելի և հարամարվետ միջավայր, ինչին համոզվել ենք ինքներս: Թեև քաղաքապետարանը չի բարձրաձայնում, բայց ստեղծված հարմարությունները ծառայում են նաև այնտեղ աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես «Մեկ պատուհան» համակարգում»,- նշել է ծրագրի թիմի անդամ Վարդուհի Արամյանը, հավելելով, որ Երևանում մատչելի վայրերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է նաև «Matcheli.am» կայքում:
Նախաձեռնության հեղինակները նաև հույս են հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար մայրաքաղաքում մատչելիության ապահովմանը միտված ծրագրերը կլինեն շարունակական:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ