Երևանի քաղաքապետն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցի

25.05.2015

Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի: 

Եկատերինա 2-րդ կայսրուհու օրոք Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, ականավոր պետական գործիչ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ և ողջ հայ համայնքի նվիրատվություններով կառուցված եկեղեցին այսօր Սանկտ Պետերբուրգում բնակվող հայերի համար հանդիսանում է նաև ազգային մշակույթի հոգևոր կենտրոն: Հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը նշել է, որ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող եկեղեցին պետերբուրգյան հայ համայնքի համախմբման գործում այսօր լուրջ դերակատարում ունի: Առանձնակի կարևորելով սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանին՝ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի համախմբման գործում դրսևորած նախանձախնդրության համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ