Երևանի Լև Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոցը նշել է հիմնադրման 55-ամյակը

23.05.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի Լև Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոցի հիմնադրման 55-ամյակին նվիրված միջոցառմանը: Հանդիսավոր արարողության շրջանակում կրթօջախի սաները ներկայացրել են դպրոցի ավելի քան կեսդարյա ուղին՝ զարգացման տարբեր փուլերը, ձեռքբերումներն ու նոր ծրագրերը: Փոքրիկ տեսաֆիլմերի միջոցով էլ անդրադարձ է կատարվել դպրոցի նվիրյալ մանկավարժներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կրթօջախի զարգացման ու ձևավորված ավանդույթների պահպանման գործում:

Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում շնորհավորելով կրթօջախի հիմնադրման 55-ամյակի առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ հայրենասեր ու հայրենանվեր սերունդ կրթելու և դաստիարակելու համար:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մանկավարժներին, ովքեր այս 55 տարիների ընթացքում պատվով կատարել են իրեց առաքելությունը՝ կրթելով հայրենասեր սերունդ, մեր երկրի համար արժանապատիվ քաղաքացիներ, որոնց և վստահված է մեր պետության զարգացման շարունակականության ապահովումը: Վստահ եմ, որ այս դպրոցում դեռ շատ աշակերտներ կկրթվեն ու կյանքում կհասնեն մեծ բարձունքների՝ բարձր պահելով հարազատ կրթօջախի անունը: Նաև համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել մայրաքաղաքի կրթամշակութային օջախների կողքին, ու համատեղ ուժերով մենք լուծումներ ենք տալու բոլոր այն խնդիրներին, որոնք դեռևս ծառացած են կրթական օջախների առջև», - նշել է քաղաքապետը:
Երևանի Լև Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոցի հիմնադրման 55-ամյակի առթիվ, մանկավարժական բազմամյա գործունեության ընթացքում սովորողների կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար կրթօջախի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին