Երևանի մանկապարտեզները տարեկան ծրագրով նախատեսված նոր գույքն են ստանում

31.07.2015

Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները նոր գույքով համալրելու տարեկան ծրագիրը մեկ ամիս է, ինչ ընթացքում է։ Արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվող ծրագրում յուրաքանչյուր տարի ընդգրկվում են բոլոր մանկապարտեզները, որոնք աստիճանաբար համալրվում են անհրաժեշտ նոր գույքով՝ ըստ տարվա գույքագրման տվյալների։ 

«Երեք տարի առաջ, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախաձեռնեց այս լայնածավալ ծրագիրը, Երևանի գրեթե բոլոր մանկապարտեզներում դեռևս խորհրդային տարիների հնամաշ գույքն էին գործածում։ Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ ծրագրի ենթաբաժիններից մեկը, օրինակ, լիարժեք կատարված է. համայնքային ենթակայության բոլոր 161  մանկապարտեզներն ապահովված են խոհանոցային նոր տեխնիկայով՝ սառնարաններով, սառցախցիկներով, մսաղացներով. որոշներն անգամ, հաճախող երեխաների թվով պայմանավորված՝ երկու և ավելի սառնարանով։ Ծրագիրն իրականացվում է տարեկան ծամանակացույցի համաձայն։ Կոշտ գույքի բաշխումը շարունակվում է։ Մահճակալներից, զգեստապահարաններից բացի, այս տարի մանկապարտեզներն առաջին անգամ ստանում են նաև խոհանոցային նոր գույք՝ տեխնիկական մասնագիտական բնութագրերով։ Տարեկան այս ծրագիրը շարունակական է լինելու։ Քաղաքապետի պահանջն է՝ յուրաքանչյուր երեխա, ով հաճախում է մանկապարտեզ, իրեն անհրաժեշտ նորմատիվներով լիարժեք ապահովված լինի՝ որակյալ սննդով ու այն ամենով, ինչ չափորոշիչներով սահմանված է նրա համար»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և հավելել, որ ընդունող հանձնաժողովը մանրակրկիտ հետևողականությամբ է ստուգում գույքի համապատասխանությունը տեխնիկական բնութագրերին։ Այս տարի որևէ թերացում չի արձանագրվել։
2015 թվականին Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզներին քաղաքապետարանը բաշխելու է ընդհանուր հանրագումարով՝ 1130 հատ երկհարկանի մահճակալ, 1084 հատ մանկական զգեստապահարան (յուրաքանչյուրը 5 երեխայի համար նախատեսված առանձնացված բաժիններով), սննդի մշակման 420 սեղան, խմորի մշակման 149 սեղան, պատրաստի սննդի բաշխման 158 սեղան, հացի, ինչպես նաև չոր սննդամթերքի` նպարեղենի  պահպանման փայտե 561 պահարան՝ տարբեր տարողությունների։ Այս տարվա ծրագրով նախատեսված 107 սառնարաններն արդեն բաշխվել են մանկապարտեզներին։

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին