Երևանի Միսաք Մանուշյանի անվան դպրոցի և Մարսելի «Համազգային» դպրոցի միջև ստորագրվել է հուշագիր

25.11.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և պատվիրակության անդամներն այցելել են Մարսել քաղաքի Համազգային դպրոց, ծանոթացել են կրթօջախի պայմաններին և հետևել տեղում կրթական գործընթացի կազմակերպմանը:
Ներկայացնելով «Համազգային» դպրոցի ստեղծման պատմությունը`  տնօրեն Սեդա Բիբերյանը նշել է, որ այն հիմնադրվել է 1980 թվականին՝ «Համազգային» կրթական և մշակութային ասոցիացիայի կողմից, ֆրանս-հայկական կրթական բազայի հիման վրա: Սկզբում ունենալով միայն նախադպրոցական խումբ`  կրթօջախը տարեցտարի ընդլայնվել ու ստեղծել է տարրական դպրոց, որն արդեն 1987 թվականից սկսել է գործել որպես հիմնական դպրոց: Սեդա Բիբերյանը նաև ընդգծել է, որ «Համազգային»-ը Ֆրանսիայում գործող միակ դպրոցն է, որտեղ ուսուցանվում է նաև հայերեն: Նշվել է, որ դպրոցն այսօր ունի շուրջ 350 աշակերտ և 44 ուսուցիչ, որոնցից 5-ը հայեր են:
Շնորհակալություն հայտնելով Սեդա Բիբերյանին՝ դպրոցն ու կազմակերպվող կրթական գործընթացը ներկայացնելու համար, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն առանձնակի կարևորել է այն դերն ու նշանակությունը, որ ունի այս կրթօջախը հայապահպանության գործում և, առիթն օգտագործելով, վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցելու կրթօջախին՝  ուսուցիչների վերապատրաստման և աշակերտների փոխանակման հարցում:
Այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը և «Համազգային» դպրոցի տնօրեն Սեդա Բիբերյանը ստորագրել են հուշագիր, համաձայն որի Երևանի Միսաք Մանուշյանի անվան դպրոցը և Մարսելի «Համազգային» դպրոցը պարտավորվել են խրախուսել երկու դպրոցների միջև աշակերտների փոխանակումը, ուսուցիչների և աշակերտների միջև էլեկտրոնային հաղորդակցումը, համատեղ քննարկումների և սեմինարների կազմակերպումը, կնպաստեն փոխադարձ վերապատրաստումների կազմակերպմանը և կփոխանակվեն անհրաժեշտ նյութերով ու տեղեկատվությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին