Երևանի պատմությունը՝ Շենգավիթ հնավայրից

19.10.2021

Այս տարի լրացավ Երևանի հիմնադրման 2803-ամյակը, սակայն քանի տարեկան է այն բնակավայրը, որի վրա հիմնվել է Երևանը:

«Թյուր կարծիք կա, որ Երևան քաղաքի պատմությունը սկսում է Էրեբունուց, դա այդպես չէ, քանի որ Երևանի գրավոր պատմությունն է սկսում էրեբունուց, իսկ համաշխարհային պատմության մեջ կա մի ամբողջ մշակույթ՝ շենգավիթյան մշակույթ, որը տարածվել է հյուսիսային կովկասից մինչև Պաղեստին և Իրանի մի հատված: Փաստացի այստեղ եղել է Կուր-Արաքսյան մշակույթ ու պատկերացրեք 5000 տարի առաջ այստեղ մեր նախնիները կենսագործունեություն են ծավալել: Բացի այդ, այստեղ կան քաղաքագոյացման որոշակի հիմքեր»,-նշում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:
«Ժամանակակից 15 պետությունների տարածքում է տարածվում այս մշակույթը և առանցքը Երևանն է ՝ Շենգավիթը»,-ասում է հնագետ Հակոբ Սիմոնյանը:
Հուշարձանը հայտնաբերվել է 1930թ. հայ հայտնի հնագետ Եվգենի Բայբուրդյանի կողմից: Հուշարձանի մի մասը, ցավոք, ոչնչացվեց հիվանդանոցի կառուցման ժամանակ, և հնարավոր եղավ փրկել միայն մի փոքր հատվածը, որտեղ սկսվեցին պեղումները:
Պեղումները շարունակվում են մինչև օրս: Գտնված նմուշներն ուղարկվում են վերականգնման, որտեղ փազլի նման բեկորները դառնում են ամբողջական առարկա:
Գտնված ու վերականգնված մոտ 1500 ցուցանմուշ ցուցադրվում է հնավայրի տարածքում գործող թանգարանում:
«Ցուցանմուշների մեջ առանձնակի նշանակություն ունի 6000 տարեկան ցորենը, ամբողջական պահպանված օջախը, նաև դամբարանից գտնված ու դրա հիման վրա վեականգնված մարդու գանգի կազմությունը»,-ասում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղի ղեկավար Արա Հարությունյանը:
«ԴՆԹ տվյալները վկայում են, որ հայ կինն այս տարածքի վրա ապրել է 7000 տարի առաջ: Այնպես որ մենք կարող ենք ասել, որ նորագույն գիտական հետազոտությունները վկայում են, որ մենք ավտոխտոն ցեղի, տեղաբնակ ձևավորված ժողովուրդ ենք»,-ընդգծում է Հակոբ Սիմոնյանը:
2012թ. պեղումների ժամանակ հայտնաբերվեց պաշտամունքային մի կառույց՝ հրո տաճար, որտեղ պահպանված է եռաստիճան մուտքը, աղոթասրահը, անգամ բագինի մնացորդը: Այս տարի պեղումները կվերսկսվեն: Հանգետները կարծում են, որ պեղումների շնորհիվ հնարավոր կլինի գրեթե ամբողջությամբ վերականգնել տաճարը:
«Վստահ եմ, որ Շենգավիթը կարող է դառնալ այցեքարտ Երևանի համար» ,- համոզված նշում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Տեսանյութ

Երևանի պատմությունը՝ Շենգավիթ հնավայրից