Երևանի զբոսաշրջային ընկերությունները ճանաչողական այցով Արցախում են

16.07.2016

 Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ և ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության հետ համատեղ կազմակերպվել է երևանյան զբոսաշրջային ընկերությունների ճանաչողական այցը ԼՂՀ։ Այցի շրջանակում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում-քննարկում՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:
 Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը կարևորել է Երևանի և Ստեփանակերտի միջև ձևավորված փոխշահավետ համագործակցությունն ու ընդգծել, որ զբոսաշրջության խթանման ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերի արդյունքում նկատվում է դրական շարժ։
 Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը համոզմունք է հայտնել, որ Արցախում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները կլինեն շարունակական։
 «Համագործակցության այս տարիների ընթացքում պարբերաբար կազմակերպվեցին երկկողմ հանդիպումներ, արշավներ՝ խթանելու զբոսաշրջության զարգացումը, ինչն առանձնակի է կարևորվում Արցախի մեր գործընկերների կողմից: Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը 2013 թվականից որոշակի գործնական քայլեր է իրականացրել այս ուղղությամբ։ Մասնավորապես մշակվել են մի շարք փաթեթ-առաջարկներ ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունների համար։ Առաջիկայում նախատեսում ենք նաև երևանյան մի շարք միջոցառումների անցկացումն Արցախում»,-նշել է Մարիա Բարաղամյանը։
 Հանդիպում-քննարկման շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Մայա Թոխալյանն էլ ներկայացրել է ԼՂՀ այցելության զբոսաշրջային նոր փաթեթների մի շարք տարբերակներ, որոնք հնարավորին կնպաստեն զբոսաշրջության ակտիվացմանը:
 Ճանաչողական այցի ընթացքում Արցախում գտնվող երևանյան զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները կայցելեն նաև Շուշի, Տիգրանակերտ, թանգարաններ, ինչպես նաև պատմամշակութային և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ վայրեր։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ