Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում 1-ին կիսամյակում սպասարկվել է 14727 այցելու

02.07.2019

Մայրաքաղաքի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոններն ամփոփել են 2019 թվականի առաջին կիսամյակի (հունվարի 2-ից մինչև հունիսի 30-ը) գործունեության արդյունքները: 

Այս ընթացքում սպասարկվել է 14.727 այցելու՝ աշխարհի 66 երկրից: Զբոսաշրջիկներին տրամադրվել են բազմալեզու քարտեզներ, տեղեկատվական բրոշյուրներ, համայնքային թանգարանների, «Երևան Սիթի Տուր» էքսկուրսիոն ծրագրի, կենդանաբանական այգու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների ուղեցույցներ:
Այս տարի մեծ է եղել զբոսաշրջիկների հոսքը հատկապես ՌԴ-ից, Իրանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Իսպանիայից, Հնդկաստանից և Ֆիլիպիններից: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ժամանել 364 489 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 105 այցելուով:
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինն ուսումնասիրել է նաև քաղաքի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոնների այցելուների հիմնական հարցադրումները:
Հաճախ տրվող հարցերի շարքում է Երևանի և մարզերի տրանսպորտային քարտեզների, «Երևան Սիթի Տուր» ծրագրի, Երևանի ավտոկայանների մասին տեղեկատվությունը:

Լուսանկարներ