Երևանն իրանցի զբոսաշրջիկներին կդիմավորի մշակութային և հետաքրքիր մի շարք ծրագրերով

20.03.2017

«Հայ-իրանական զբոսաշրջության հնարավորությունները» թեմայի շուրջ «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը ներկայացրել է դեպի Երևան զբոսաշրջության ակտիվացման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից տարվա ընթացքում իրականացվող ծրագրերն ու մասնավորապես խոսել իրանցի զբոսաշրջիկների հանգիստը Երևանում առավել հետաքրքիր դարձնելու նպատակով մշակված մշակութային և այլ ծրագրերից: 

«Երևանը հյուրընկալ քաղաք է, և տարեցտարի զբոսաշրջիկների մեծացող հոսքի մեջ հատկապես տարվա այս ժամանակահատվածում մեծ է հարևան Իրանից Երևան այցելող զբոսաշրջիկների թիվը: Արդեն երկրորդ տարին է` Երևանի քաղաքապետարանը մարտի 20-31-ը՝ Նովրուզի օրերին, մշակում է հատուկ ծրագիր: Մասնավորապես նախքան «Երևան Սիթի-Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղու տարեշրջանի պաշտոնական բացումը, զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով կկազմակերպվեն գարնանային հատուկ տուրեր պարսկերենով»,-նշել է Գևորգ Օրբելյանը:
Իրանցի և առհասարակ մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկների համար Երևան քաղաքի պատմության թանգարանում էլ կբացվի իրանական ժառանգությանը վերաբերող «Մշակույթների երկխոսություն» խորագրով երկրորդ ցուցահանդեսը:
Բացի այդ, Երևանի մուտքը հանդիսացող մի շարք փողոցներում և պողոտաներում՝ այդ թվում Իսակով, Լենինգրադյան և Աճառյան, տեղադրվել են թեմատիկ վահանակներ՝ «Բարի գալուստ Երևան» բովանդակությամբ:
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետը նաև տեղեկացրել է, որ Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում իրանցի զբոսաշրջիկներին երկլեզու՝ անգլերեն և պարսկերեն թռուցիկներ և քարտեզներ են բաժանվելու, որոնք Երևանի հյուրերին կհուշեն մայրաքաղաքի տեսարժան վայրերի գտնվելու և այնտեղ հասնելու տարբերակների մասին:
Իրականացվող միջոցառումները, ինչպես նշել է Գևորգ Օրբելյանը, մեկ անգամ ևս ընդգծում են Երևանի հյուրընկալությունն ու հարմարավետությունը, ինչն արդեն հաջորդ տարի կարող է ապահովել ավելի մեծ թվով զբոսաշրջիկների այցը Երևան:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ