Երևանում անցկացվել է «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա 5-րդ փառատոնը

17.09.2018

Երևանում անց է կացվել «Գյուղական կյանքի և ավանդույթների» հոբելյանական 5-րդ փառատոնը, որը կազմակերպել է «Կանաչ արահետ» ՀԿ-ն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մայրաքաղաքի մանկական զբոսայգում Հայաստանի ֆերմերներն ու գյուղացիները հնարավորություն են ունեցել երևանցիներին և զբոսաշրջիկներին ներկայացնելու իրենց արտադրած գյուղմթերքը:

Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը, ինչպես նաև տարբեր երկրների դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցել է նմանատիպ ծրագրերին:
«Մենք արդեն 5 տարի է, ինչ համագործակցում ենք «Կանաչ արահետ» ՀԿ-ի հետ այս փառատոնի շրջանակում: Տարեցտարի տեսնում ենք մասնակից ֆերմերների թվի աճ: Հատկապես կարևորում ենք արտերկրից ժամանած ֆերմերային խմբերի առկայությունը, ինչը նշանակում է փորձի փոխանակում, ապրանքաշրջանառության ծավալների մեծացում, զբոսաշրջության զարգացում: Երևանի քաղաքապետարանն, ընդառաջ գնալով հայ գյուղացուն, աջակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, վերջին տարիներին մայրաքաղաքում ձևավորել է գյուղատնտեսական շուկաներ, որոնք նույնպես հնարավորություն են տալիս մեր համաքաղաքացիներին անմիջապես գյուղացիներից ձեռք բերելու գյուղմթերքը»,- նշել է Դավիթ Օհանյանը:
Այս տարի «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրությունը: Հետաքրքիր տաղավարներով ներկայացել էին նաև Վրաստանի, Իրանի, Լիբանանի ֆերմերները, մեծացել էր ցուցահանդես այցելած զբոսաշրջիկների թիվը: Առանձին տաղավարներով ներկայացվել էին նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները:
«Այս տարի բերքի փառատոնն անցկացվում է 5-րդ անգամ: Գաղափարն այն է, որ հայ գյուղացիները, ֆերմերները ներկայացնեն իրենց արտադրանքը: Մայրաքաղաքի միջոցառումային օրացույցում փառատոնն ուրույն տեղն է զբաղեցնում, որի միջոցով ևս ճանաչում են Հայաստանն ու Երևանը, իսկ մեր համաքաղաքացիներն այդ ընթացքում հնարավորություն են ունենում գնել հայ գյուղացու արտադրանքը: Վերջին 6 տարվա ընթացքում մենք խրախուսել ենք բոլոր այն կազմակերպություններին, ովքեր Երևանում ցանկացել են իրականացնել զբոսաշրջության զարգացման և Երևանի միջոցառումային կերպարի ձևավորմանը միտված ծրագրեր»,-նշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:
Փառատոնին ֆերմերները ներկայացրել են գյուղմթերքի մեծ տեսականի՝ միրգ, բանջարեղեն, կաթնամթերք, մեղր և այլն: Այցելուների մեծ հոսք էր նկատվում հատկապես «Օրգանական Հայաստան» տաղավարներում, որոնք ներկայացնում էին Հայաստանի օրգանական գյուղատնտեսությունը:
«Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնի հիմնադիր Նունե Սարուխանյանը նշել է. «Տարեցտարի նկատում ենք փառատոնի շրջանակում մասնակից ֆերմերային խմբերի ակտիվացում: Եթե առաջին տարին 50 ընկերություն էր մասնակցում, ապա այս տարի արդեն Հայաստանի, Արցախի ավելի քան 200 ֆերմերային խմբեր կան: Այս փառատոնը մի հարթակ է, որտեղ ֆերմերը ոչ միայն գտնում է իր ապրանքն սպառողին, այլև ձեռք է բերում նոր կապեր»:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի վերջում որոշվեցին տարբեր անվանակարգերում հաղթած լավագույն մասնակիցներն ու արտադրողները:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ