«Երևանյան ամառ 2017». կայացել է «Երևանյան գունազարդ վազք» 3-րդ վազքարշավը

16.07.2017

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքում արդեն 3-րդ անգամ անց է կացվել «Երևանյան գունազարդ վազք» (Yerevan Color Run) մարզական, ժամանցային վազքարշավը: 5 կմ երկարությամբ վազքուղին ներառում էր Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները և Մաշտոցի պողոտան: Վազքի մասնակիցները պատվել են էկոլոգիապես մաքուր, բացարձակ անվնաս գունավոր փոշիներով: Թեև վազքարշավը մրցութային չէր, բայց վերջնագիծն առաջինը հատած երեք տղաներն ու երեք աղջիկներն արժանացել են մրցանակների: Միջոցառումն ավարտվել է գունազարդ «հրավառությամբ» և դիսկոտեկով:

Հատկանշական է, որ «Երևանյան գունազարդ վազքը» մայրաքաղաքում կազմակերպվում է 2015 թվականից: Այն ունի միջազգային ձևաչափ և անց է կացվում աշխարհի տարբեր երկրներում` ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան և այլն:
Միջոցառման գլխավոր նպատակը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն է, իսկ վազքարշավից ստացված ողջ հասույթը նախատեսված է բարեգործական նպատակների համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն