«Երևանյան ամառ 2018». երաժշտական զբոսանք մայրաքաղաքում՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով

25.06.2018

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի և մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունը և տուրիզմի բաժինը հանդես են եկել «Երաժշտություն անիվների վրա» խորագիրը կրող գեղեցիկ նախաձեռնությամբ: Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսով շրջել են մայրաքաղաքի փողոցներով և կատարել Երևանին նվիրված երաժշտական ստեղծագործություններ՝ ստեղծելով տոնական տրամադրություն:

Ավտոբուսը կայանել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում, որտեղ պատանի երաժիշտները հանդես են եկել կարճատև համերգներով, ապա շարունակել են իրենց ճանապարհը: Վերջնական կանգառը Ֆրանսիայի հրապարակում էր:
Այս յուրատեսակ համերգի ընթացքում երաժշտական դպրոցի սաներին միացել են նաև անցորդները, ձայնակցել նրանց և շնորհակալական խոսքեր հղել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին