Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները կրում են շարունակական բնույթ

05.02.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակում քաղաքապետարանի կողմից մշակված կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ուղեցույցների փաթեթը տրամադրվել է պետական կառավարման մարմիններին, քաղաքացիական և հասարակական կառույցներին, բանկային համակարգին: Հանձնարարվել է շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը:

Հիշեցնենք, որ կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման վերոնշյալ ուղեցույցների էլեկտրոնային տարբերակները ներկայացված են նաև Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքի Doing Business բաժնում:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են շրջայցերը Երևանի ավագանու կողմից ընդունված՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից քաղաքային համայնքում գործող պարտադիր բարեկարգման նորմերի պահանջների կատարման նպատակով: Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայությունների պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու վերահսկել, որպեսզի քաղաքացիների կողմից շների զբոսանքը կազմակերպվի բացառապես այդ նպատակով առանձնացված վայրերում:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունն ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին