Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր սկսել է խոսել

09.03.2020

Մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է շնչել ինքնուրույնբար, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Այսօր առավոտյան երեխան գիտակցության որոշ նշաններ է ցույց տվել:
«Ամբողջ ժամանակահատվածում երեխան եղել է կայուն, որևէ սրացում թթվածնային քաղցի կամ այլ սուր բարդություններ չեն զարգացել: Այսօր առավոտյան երեխան արդեն գիտակցության որոշ ակտիվություն դրսևորեց. ջուր պահանջեց, կամաց-կամաց սկսեց շփվել, որոշակի խոսքեր, նախադասություններ արտահայտեց: Բնական է, երեխային շարունակում ենք անընդհատ քնեցնել, որպեսզի վնասված ուղեղի գործունեությունն առավել նվազեցվի և վերականգնվելու հնարավորություն տրվի: Ինչ խոսք, ինտենսիվ բուժման ֆոնի վրա չորս օրվա ընթացքում ունենք դրական տեղաշարժ, բայց կան պրոցեսներ, կան վնասվածքներ, որոնք շատ ավելի երկարաժամկետ վերականգնում են պահանջում և, ցավոք սրտի, լինում են դեպքեր, որոնք նույնիսկ լինում են անվերադարձ: Դա ժամանակը ցույց կտա, յուրաքանչյուր դեպք յուրովի է և մենք արդեն այս ճանապարհը անցնելով է, որ գնահատական ենք տալիս, թե ինչքանով են խորը և բուժելի այդ փոփոխությունները»,- նշել է Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Մարտի 5-ին Գյումրիից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ։ Հիշեցնենք, որ Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»:

Տեսանյութ

Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր սկսել է խոսել