Համաշխարհային ջազը՝ հայկական երանգով. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկա է գտնվել բացօթյա համերգին

01.05.2022

Ջազի միջազգային օրը Երևանում ամփոփվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում կազմակերպված բացօթյա համերգով: Ջազային երեկոյի բեմում էին հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Կարեն Գևորգյան կվարտետը, Ռաֆայել Պետրոսյան կվինտետը, Դավիթ Գյոդակյան բենդը, Լևոն Մալխասյան բենդը, Վահագն Հայրապետյան տրիոն, Տոնի Կարապետյանը, Freeman jazz band-ը, New quintet band-ը, ինչպես նաև Հայաստանի պետական ջազային նվագախումբը: Ջազի միջազգային օրվա գլխավոր միջոցառման հատուկ հյուրերն էին աշխարհահռչակ ջազային երաժիշտներ Անդրե Մանուկյանը (Ֆրանսիա) և Չայնա Մոսեսը (ԱՄՆ):

 

Երևանի քաղաքապետարանի ու Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված համերգին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետը: Ողջույնի իր խոսքում Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ ջազային երաժիշտ Չայնա Մոսեսին՝ Երևան այցի համար և ընդգծել, որ համայնքը, վերականգնելով ավանդույթները, պետք է ակտիվացնի քաղաքի մշակութային կյանքն ու հանդես գա տարբեր նախաձեռնություններով:


Երեկոյի ընթացում երևանցիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործությունները:

 

Լուսանկարներ