Համատեղ ստուգայց. մեքենաների կայանումը խոչընդոտող արգելապատնեշների տեղադրումն ու առևտրի շրջիկ կետերի գործունեությունը անօրինական են

23.11.2018

Մայրաքաղաքում հաճախացել են տնտեսվարող սուբյեկտների կողմից փողոցների երթևեկելի գոտիներում ավտոկայանմանը խոչընդոտող արգելապատնեշների տեղադրման փաստերը: Այս երևույթը հարուցել է երևանցիների արդարացի դժգոհությունը, որը նկատի ունենալով էլ ոլորտում խիստ վերահսկողություն է սահմանվելու: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով հերթական համատեղ ստուգայցն էր կազմակերպվել՝ անթույլատրելի այս գործունեությունը կասեցնելու նպատակով: Ստուգայցի ընթացքում մի շարք փողոցներից առգրավվել են արգելապատնեշներ: Ճանապարհային ոստիկանությունից պարզաբանել են, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140–րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է վարչական տուգանք՝ 30000 դրամի չափով: Սակայն ոստիկաններն այս անգամ բավարարվել են բանավոր զգուշացումներով: Բանավոր զգուշացումներ են արվել նաև կարմիր գծանշումով գոտիներում տեղադրված ավտոկրպակների, կցորդների սեփականատերերին:

Հիշեցնենք, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով հստակեցված է շրջիկ առևտրի սահմանումը, սակայն շրջիկ առևտրի կազմակերպման պահանջներն օրենքով դեռևս կանոնակարգված չեն: Ներկայումս մշակվել է օրենսդրական նախագիծ՝ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու համար: Հետևաբար, այս պահին ցանկացած դրսևորում համարվում է անօրինական գործունեության ծավալում: Ստուգայցերը մայրաքաղաքում կլինեն շարունակական:

Տեսանյութ

Համատեղ ստուգայց. մեքենաների կայանումը խոչընդոտող արգելապատնեշների տեղադրումն ու առևտրի շրջիկ կետերի գործունեությունը անօրինական են
Տեսնել ավելին