Համայնքային գրադարանների գրքային ֆոնդը համալրվում է. Երևանի քաղաքապետն այցելել է հրատարակչություններ

12.08.2022

Երևանի գրադարաններում պահպանվող գրքերի մեծ մասը սերնդեսերունդ փոխանցվում է արդեն մի քանի տասնամյակ: Դրանց մի մասն արդեն, ցավոք, հնարավոր չէ վերականգնել:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ համայնքային միջոցներով գրադարանները համալրվում են նոր գրքերով. ընդհանուր առմամբ՝ 262 անուն 7400 կտոր գիրք:
«Վերջին տասը տարվա ընթացքում մեր գրադարաններում համայնքի կողմից նոր գրքեր ձեռք չեն բերվել: Գրքերի համալրմամբ, կարծում եմ գրադարանային կյանքը կաշխուժանա: Սա առաջին քայլն է: Առաջիկայում նոր փոփոխություններ կունենանք գրադարանային ոլորտում: Պետք է փոխենք միջավայրը, որպեսզի մեր երեխաներն ու մեծահասակները ձգտեն դեպի գրադարաններ»,-ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:
Նոր գրքերը երևանյան հրատարակչությունների աշխատանքներն են՝ նկարազարդումներից մինչև տպագրություն: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ այցելել է հրատարակչություններ, ծանոթացել տպագրության ընթացքին և գրադարաններին փոխանցվող գրականությանը:
«Այս տարի մոտ 20 մլն դրամ է հատկացվել, որպեսզի համայնքային ենթակայության 19 գրադարանների համար ձեռք բերվեն նոր գրքեր: Կարծում եմ, այս ծրագիրը պետք է շարունակական լինի: Հաջորդ տարի ևս կնախատեսենք միջոցներ»,-նշել է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Գրքերն ընտրվել են հաշվի առնելով ընթերցողների պահանջմունքը. հայ և արտասահմանյան դասական հեղինակներից մինչև դպրոցական ծրագրային և ժամանակակից գրականություն:
Սերը գրքի հանդեպ պետք է սերմանել մանկուց: Ամենակրտսեր ընթերցողներին գրավում են նոր, գունեղ ու ինտերակտիվ գրքերը: Գրադարաններում, ցավոք, դրանք շատ չեն: Քաղաքապետարանն այստեղ խնդրի լուծումը տեսնում է ոչ միայն գրադարանների համալրմամբ: «Կաշխատենք, որ մանկապարտեզներում նույնպես գրքերի համալրում լինի՝ կրթական բնույթի: Այսպիսով մենք մի քանի խնդիր կլուծենք, նախ՝ կկրթենք մեր սաներին և միաժամանակ կաջակցենք հրատարակչություններին»,-նշել է քաղաքապետը:
Գրքասերներին առաջիկայում սպասում են մի շարք նոր ու հետաքրքիր նախագծեր, նոր գրքերի հրատարակում: Քաղաքային իշխանությունը, գրքային ֆոնդի համալրմանը զուգահեռ, նախատեսում է գրադարանների արդիականացման ծրագիր: Գրադարանները կդառնան տեղեկատվական և մշակութային կենտրոններ:
«Մենք արդեն իսկ ունենք մշակած ռազմավարություն, որով շարժվելու ենք առաջ և թարմացնելու ենք մեր համայնքային գրադարանների թե գրքային ֆոնդը, թե կահույքը, միջավայրը, և դարձնելու ենք ժամանակակից կենտրոններ, որտեղ երիտասարդները կկարողանան ժամանակ անցկացնել»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:
Քաղաքային գրադարանները երևանյան մշակութային կյանքի յուրահատուկ մասնիկն են: Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքապետարանը մտադիր է մեծացնել ընթեցողների հոսքը դեպի համայնքային գրադարաններ:

Տեսանյութ

Համայնքային գրադարանների գրքային ֆոնդը համալրվում է. Երևանի քաղաքապետն այցելել է հրատարակչություններ