Համայնքային ստեղծագործական կենտրոնների համար նոր ձևաչափ է նախատեսվում

26.11.2021

Երևանում երեխաների արտադպրոցական կրթությունը կազմակերպվում է համայնքային ավելի քան 100 կենտրոններում: Այդ համակարգը թեև ընկալվում է հիմնականում որպես գեղագիտական կրթության հնարավորություն, սակայն, իրականում այն երեխաների ու նաև երիտասարդների ներուժը բացահայտելու ավելի մեծ հնարավորություն պետք է ընձեռի:

 

Առանձին նախաձեռնություններով ստեղծագործության որոշ կենտրոններ փորձում են զարգացնել ոչ ֆորմալ կրթությունը, սակայն խնդիրը համակարգային լուծումներ է պահանջում:


Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի և ‹‹Երեխաների և երիտասարդների ոչ ֆորմալ կրթության եվրոպական ասոցիացիայի›› համատեղ նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց միջազգային համաժողով:


«Մեր գնահատմամբ՝ դրանից առավելապես լուրջ փոփոխությունների կարիք ունեն մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնները: Այս պատճառով է, որ մի քանի ամիս առաջ ՄԱԿ-ի հետ ուսումնասիրություններ արեցինք այդպիսի 14 կենտրոններում: Նախատեսում ենք լուրջ բարեփոխումներ: Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնները վերածվելու են պատանեկաության և երիտասարդության կենտրոնների, իսկ մատուցած ծառայություններն էապես փոխվելու են: Հիմնական նպատակը համայնքային միջոցների առավել արդյունավետ օգտագործումն է և ծառայությունների որակի բարձրացումը: Այս կենտրոնները պետք է լինեն ոչ թե պարզապես գեղագիտական ստեղծագործական կրթության, այլ կյանքի հմտություններ և կարողություններ տվող ու զարգացնող կրթական հաստատություններ, որոնք գալու են լրացնելու ֆորմալ կրթությունը»,-նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:


«Մեր առաջնահերթ խնդիրն է, որ մեր երեխաները լինեն նախաձեռնող, ստեղծարար, և այստեղ անփոխարինելի է արտադպրոցական կրթության դերը: Արտադպրոցական հաստատությունները պետք է կարողանան դպրոցի հետ համատեղ մշակել ծրագրեր և հասկանալ, թե հանրակրթության պետական չափորոշիչն ինչ վերջնարդյունքներ է սահմանում: Առանցքային կարողունակությունների թվում էական նշանակություն ունի քաղաքացիական զարգացումը: Այն կարևոր է նաև երեխայի գեղագիտակական ճաշակի, սեփական երկրի և ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային մշակույթը ճանաչելու և այդ ամենը փոխկապակցելու տեսանկյունից»,- նշում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:


Համաժողովի առանցքային թեման էր «21-րդ դարի հմտություններ՝ ոչ ֆորմալ կրթության բարեփոխված մոտեցումների շնորհիվ»: Մասնակիցները մատնանշեցին ոլորտի խնդիրները, անհրաժեշտ բարեփոխումներն ու լուծումները: Համաժողովին առցանց միացան նաև եվրոպացի փորձագետները:


«Եվրոպական երկրների մեծ մասում ոչ ֆորմալ կրթությունը կարևոր դեր ունի երեխաների՝ որպես անձ ձևավորման գործում: Շատ կարևոր է զարգացնել երեխաների մտածելակերպը, բացահայտել նրանց կարողություններն ու տալ հնարավորություն զարգացնելու սոցիալական ու հուզական հմտությունը: Երևանում առաջնահերթորեն պետք է հասկանալ, թե ինչ տեսակի արտադպրոցական կրթության կարիք կա և երկրորդ քայլով արդեն փնտրել իրականացման առավել հարմար տարբերակը»,-ասում է «Երեխաների և երիտասարդների ոչ ֆորմալ կրթության եվրոպական ասոցիացիայի» նախագահ Վալդաս Յանկաուսկասը:


Ստեղծագործական կենտրոնների համար կմշակվեն ուսումնական նոր ծրագրեր, որոնք կլրացնեն դպրոցականն ու զուգահեռաբար նոր հնարավորությունների դռներ կբացեն:


«Ոչ ֆոմալ կրթության մասին, օրենքում, իհարկե, կա հստակ սահմանում և ձևակերպում, սակայն չունենք այդ հասկացությունից բխող այլ կարգավորումներ, օրինակ, թե ինչպե՞ս կարող է անձը ոչ ֆորմալ կրթության միջոցով ձեռք բերած գիտելիքները կիրառել նաև աշխատաշուկայում: Այս առումով նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխություններ»,- ընդգծում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:


Համաժողովի արդյունքներն ու ձեռքբերումները նկատելի կլինեն արդեն հաջորդ տարի, երբ համայնքային ստեղծագործական կենտրոնները կգործեն նոր ձևաչափով՝ նոր ու հավասար հնարավորություններ ընձեռելով պատանիներին ու երիտասարդներին:

Տեսանյութ

Համայնքային ստեղծագործական կենտրոնների համար նոր ձևաչափ է նախատեսվում
Տեսնել ավելին