Հանձնարարվել է ուսումնասիրել և շտկել ստորգետնյա ու վերգետնյա անցումներում նկատված թերությունները

24.07.2017

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքի ստորգետնյա և վերգետնյա հետիոտնային անցումների շահագործման ու պահպանման խնդրին: Աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել դրանց վերանորոգման, մաքրման ու պահպանման ուղղությամբ:

«Թեև մայրաքաղաքի զարգացման ծրագրով մենք շարունակում ենք ստորգետնյա անցումների նորոգման աշխատանքների իրականացումը, այնուամենայնիվ անելիքներն այս ուղղությամբ դեռ շատ են: Ստորգետնյա որոշ անցումներում ունենք նաև գործունեություն իրականացնող թե՛ սեփականատերեր, թե՛ վարձակալներ և, ըստ այդմ, անհրաժեշտ է բոլորին ներգրավել այս աշխատանքներում ու խստորեն վերահսկել, որ սանիտարական պատշաճ վիճակը մշտապես ապահովվի: Նույնը վերաբերում է նաև վերգետնյա անցումներին, ինչպես նաև երթևեկելի թունելներին, որոնք ևս անհրաժեշտ է պահել մշտական հսկողության տակ ու ապահովել պատշաճ տեսքն ու մաքրությունը: Բոլորը մանրակրկիտ ուսումնասիրեք և համապատասխան քայլեր ձեռնարկեք նկատված թերություններն արագ շտկելու ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ