Հանձնարարվել է սկսել ձմռան նախապատրաստական աշխատանքները

11.09.2017

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը զեկուցել է, որ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նախորդ շաբաթ կայացել է հանդիպում-քննարկում, որի ընթացքում ներկայացվել են վարչական շրջանների տարածքներում շների զբոսանքի համար առանձնացված վայրերի ընտրության նախնական առաջարկները: Միաժամանակ նշվել է, որ վարչական շրջաններին հանձնարարվել է ներկայացնել տարածքներն իրենց առանձին սխեմաներով: 

Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ տարեկան ծրագրով նախատեսված 1518 մուտքերից 907-ում աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են, 110 մուտքերում էլ դրանք ընթացքի մեջ են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ձմռանն ընդառաջ գույքագրել բազմաբնակարան շենքերի կարիքներն ու քայլեր ձեռնարկել ձմռան նախապատրաստական աշխատանքների ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ