Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նշել է 60-ամյակը

27.09.2016

Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյա հոբելյանի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր երեկոյան այցելել են Հանրային հեռուստաընկերություն:
Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի հետ, հեռուստաընկերության ղեկավար կազմի ուղեկցությամբ, շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման, եթերային նոր քաղաքականության, ինչպես նաև հեռուստաընկերության շենքում վերանորոգման, աշխատակիցների գործունեության պայմանների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու առաջիկա տարիների զարգացման հեռանկարին:
Հոբելյանին նվիրված տոնական երեկոյի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյակի առթիվ, մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցների պարգևատրել է մեդալներով և շնորհել պատվավոր կոչումներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին