Հայկ Մարությանն ընդունել է Լատվիայի դեսպանին

14.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի): Հանդիպմանը մասնակցել է նաև Լատվիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը դեսպանին շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք երկու երկրների, մասնավորապես՝ խոշոր քաղաքների միջև համագործակցության խորացման հարցում: Քաղաքապետը նշել է, որ Լատվիայի մայրաքաղաք Ռիգան և Երևանը քույր քաղաքներ են, որոնց կապում են ինչպես անցյալի ջերմ կապերը, այնպես էլ հատկապես ապագայում ակնկալվող համատեղ ծրագրերը:
Դեսպան Լևրենցեն իր հերթին շնորհավորել է Հայկ Մարությանին՝ քաղաքապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ շեշտելով երկու երկրների մայրաքաղաքների միջև փոխգործակցության զգալի ներուժը: Ինգրիդա Լևրենցեն նշել է, որ Ռիգայում 2016 թվականին բացվել է Երևանի անունը կրող պուրակ, իսկ մոտակա ամիսներին ակնկալվում է Ռիգայի ապրանքներին նվիրված խանութ-սրահ բացել Երևանում, որի ժամանակ նախատեսվում է նաև Ռիգայի քաղաքապետի այցը: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ այս այցելությունը կխթանի Երևանի և Ռիգայի միջև գործնական հարաբերությունները:

 

Լուսանկարներ