Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգ` Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում

21.04.2015

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում ներկա է գտնվել Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համադպրոցական համերգին, ուր ելույթ են ունեցել դպրոցի սաներն ու մանկավարժները։ 

Հայկական երգարվեստի 100 տարիների ամենահուզական ու ամենահանրահայտ ստեղծագործությունները, այդ թվում և ժողովրդական երգերի Կոմիտասի մշակումները, համերգի ծրագրում ընդգրկված էին 1915 թվականին նախորդող ու հաջորդող շրջանի ստեղծագործություններով և վերածնունդ խորհրդանշող հերթականությամբ։
Դպրոցի համերգասրահում ցուցադրված էին նաև դպրոցի նկարիչ սաների թեմատիկ աշխատանքները։
«Վստահ եմ, որ այն, ինչ արտասանում էին, ասմունքում ու կատարում էին աշակերտները, իսկապես իշխում է այս սերնդի մտքում և գործում. այլ կերպ լինել չի՛ կարող, քանի որ մեր հայրենիքը, մեր պետականությունն ամրապնդելու ամենանվիրական գործում նաև ձեր արժեհամակարգին պիտի ապավինենք»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Համերգին ներկա են եղել նաև Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, վարչական շրջանի երաժշտական դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, աշակերտներ։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին