Հունիսի 1. «Առողջ Երևան» տոնահանդեսը մանկապարտեզների սաների մասնակցությամբ

01.06.2018

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված հունիսմեկյան մարզական միջոցառումներից առաջինը մեկնարկել է մայրաքաղաքի «Սպարտակ» մարզադահլիճում: «Առողջ Երևան» խորագրով մարզամշակութային տոնահանդեսին յուրաքանչյուր վարչական շրջանից մասնակցում էին մանկապարտեզների մեկական թիմեր, որոնք եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունք էին ձեռք բերել նախնական փուլում: Մրցութային ծրագրում նախատեսված էր փոխանցումավազք՝ փոքր դրոշի փոխանցումով, հեռացատկ տեղից, կանգնած դիրքից ծանրացված գնդակի նետում և պարանի ձգում։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի կողմից, մայրաքաղաքի մանկապարտեզների սաների մասնակցությամբ ավանդաբար կազմակերպվող այս միջոցառման նպատակը երեխաների շրջանում առողջ ապրելակերպի խթանումն է: Մասնակից բոլոր մանկապարտեզների թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մրցանակներով, գնդակներով, ինչպես նաև Երևանի հիմնադրման 2800-ամյակի տարբերանշանով մարզաշապիկներով։ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների միջև կայացած մարզամշակութային տոնահանդեսը եզրափակվել է փոքրիկների մասնակցությամբ համերգային ծրագրով։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին