Հունիսի 1-ին մեկնարկել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը

01.06.2015

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ թոռնիկների հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ 2013-2015թթ. այգու վերանորոգման և զարգացման ծրագրով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ: Հանրապետության Նախագահը քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենդանաբանական այգու բարեկարգման և զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնելով այգու զարգացման ծրագրի մանրամասները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նման լայնածավալ աշխատանքներ այգում չեն կատարվել հիմնադրման օրվանից: Այգու վերանորոգման ծրագրով, 2013 թվականից սկսած, կատարվել են շուրջ մեկ միլիարդ դրամի շինարարական և դիզայներական լուծումներով աշխատանքներ: Ըստ այդմ, համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում վերանորոգվել է այգու խորհրդանիշ համարվող ճարտարապետական քարակերտ կամարով մուտքը, որը գործառութային առումով դարձել է այգու նախամուտք։ Զգալիորեն ընդլայնվել ու հարմարավետ է դարձել ավտոկայանատեղին: Կառուցվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած անասնաբուժարանի նոր մասնաշենքը։ Ծրագրի շրջանակում բարեկարգվել և թարմացվել են այգու խորհրդանշական մուտքից մինչև գլխավոր անցակետ ընկած հատվածի խաղահրապարակներն ու սպասարկման օբյեկտները։ Այգին կահավորվել է մանկական խաղահրապարակներով, այդ թվում նաև` ներառական նշանակության։

Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացվել է, որ մեծածավալ աշխատանք է կատարվել ազատավանդակների կառուցման և վերակառուցման մասով. կառուցվել են վագրերի, սայմիրների, լեմուրների, ջրասամույրների, սուրիկատների և լորիների ազատավանդակները։ Նախկինում 100 քմ տարածք զբաղեցնող վանդակների փոխարեն այժմ վագրերի համար շուրջ 5500 քմ մակերեսով ազատավանդակ է կառուցվել։ Լեմուրներն այգում իրենց յուօրինակ կղզին ունեն, որը հավակնում է լինել աշխարհում ամենամեծը։ Վերակառուցվել են նաև արջերի և ուղտերի ազատավանդակները, բարեկարգվել և թարմացվել են առկա վանդակներն ու շինությունները։ Այգում նաև նոր ձիարշավարան է կառուցվել։ Յուրօրինակ տեղանքն օգտագործելով` կառուցվել են արհեստական ջրվեժներ։ Նշվել է նաև, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի հետ համագործակցված աշխատանքի արդյունքում հիմնովին փոխվել է լուսավորության համակարգը. անցկացվել է ստորգետնյա մալուխային ցանց, յուրօրինակ գեղարվեստական ձևավորումներով լուսատուներն աշխատում են ժամանակակից խնայողական լեդ լամպերով։ Ծրագրի շրջանակում ասֆալտապատվել են այգու բոլոր ճանապարհներն ու ճեմուղիները: Այգին մաքրվել է ոչ պիտանի և անշուք շինություններից, կառուցվել են ճեմուղի տախտակամածներ, որոնք նաև որպես դիտակետեր են ծառայում։ Տեղադրվել են նոր ցայտաղբյուրներ, կանաչապատվել է 7000 քմ հողատարածք, տնկվել են նոր ծառատեսակներ և թփեր, իրականացվել են ինքնատիպ ծաղկային ձևավորումներ։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ մաղթելով նրանց անհոգ մանկություն: Անդրադառնալով կենդանաբանական այգում իրականացված աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ զարգացման ծրագրով նախատեսված այգու վերանորոգման աշխատանքների առաջին փուլն ամբողջությամբ ավարտված է:
«Գործունեության 75 տարիների ընթացքում կենդանաբանական այգին երբևէ կապիտալ վերանորոգման չէր ենթարկվել, և այդ տեսանկյունից ծրագիրն իրոք աննախադեպ էր: Ընդ որում, վերակառուցման ծրագրի շրջանակում բոլոր ուղղություններով են կատարվել աշխատանքներ, այդ թվում՝ ինչպես ենթակառուցվածքների հիմնանորոգման ու նորերի ստեղծման, այնպես էլ ազատավանդակների մասով: Մասնավորապես նշեմ, որ մինչ վերակառուցման ծրագրի իրականացումը այգու 34 հեկտար տարածքից միայն 7 հեկտարն էր տնօրինվում որպես կենդանաբանակ տարածք: Իսկ այսօր արդեն 16 հեկտարն է այդպիսին: Նոր ազատավանդակների կառուցմանն ու հների արդիականացմանը զուգահեռ ծրագրի շրջանակում լուծվեց ևս մեկ կարևոր խնդիր, այգում կառուցվեց նոր զոոկլինիկա, որը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Մենք շարունակելու ենք համագործակցությունը նաև միջազգային տարբեր կենդանաբանական այգիների հետ, որի շրջանակում նաև նոր կենդանիներ ձեռք կբերենք և կհարստացնենք կենդանատեսակները»,- ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ զարգացման ծրագիրը լինելու է շարունակական, ինչի արդյունքում Երևանի կենդանաբանական այգին գերազանցելու է ոչ միայն իր նախկին հնարավորությունները, այլև, որոշ չափորոշիչներով, նաև աշխարհում եղած համանման այգիների հնարավորությունները՝ այդպիսով նաև դառնալով Երևանի յուրօրինակ այցեքարտերից մեկը:
«Հաշվի առնելով նաև նախամուտք այգու առկայությունը, որի մուտքն անվճար է, վստահ եմ, որ կենդանաբանական այգին լիարժեք հանգստի կազմակերպման համար հարմարավետ վայր կդառնա ոչ միայն փոքրիկների, այլև մեծահասակների համար: 2016թ.-ից մենք կսկսենք այգու վերակառուցման երկրորդ փուլը, որով էլ ամբողջությամբ ավարտին կհասցնենք Երևանի կենդանաբանական այգու զարգացման ծրագիրը: Արդյունքում այգին կդառնա ոչ միայն տարածաշրջանի առաջատարն ու միակը, այլև կդառնա աշխարհի տարբեր երկրների համապատասխան նշանակության այգիների և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ու միությունների հետ փոխշահավետ համագործակցող ժամանակակից մասնագիտական կենտրոն», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Հունիսի 1-ին մեկնարկել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը
Տեսնել ավելին