Հունիսի 22-ին կմեկնարկի «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը

19.06.2018

Հարգելի համաքաղաքացիներ,
հունիսի 22-ին` ժամը 20:00-ին, Երևանի Կարապի լճի հարակից տարածքում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կմեկնարկի «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը:
Այս տարի փառատոնը կրում է «Ֆրեսկոյի մարդասիրական ուղերձներն աշխարհին» խորագիրը: Մասնակցության հազարից ավելի հայտերից ընտրվել է 28 ֆիլմ՝ 13 երկրից:
Փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենան հանդիպելու նաև տարբեր երկրներից ժամանած կինոռեժիսորների և կինոգործիչների հետ: Միաժամանակ, Կարապի լճի հարակից տարածքում, զուգահեռ դահլիճներում, կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, վարպետության դասեր:
Հիշեցնենք, որ փառատոնն ունի 7 անվանակարգ՝ «Լավագույն ուղերձ՝ հավատ», «Լավագույն ուղերձ՝ հույս», «Լավագույն ուղերձ՝ սեր», «Լավագույն ուղերձ՝ խաղաղություն», «Լավագույն ուղերձ՝ քաջություն», «Լավագույն ուղերձ՝ մարդասիրություն», «Լավագույն ուղերձ՝ հայրենասիրություն»:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ