«Ջազը հանուն համամարդկային արժեքների». Երևանը նշեց Ջազի միջազգային օրը

30.04.2016

Երևանն արդեն 5-րդ տարին անընդմեջ, միանալով աշխարհի տարբեր քաղաքներին, ապրիլի 30-ին նշեց Ջազի միջազգային օրը: Կասկադ համալիրի տարածքում կազմակերպված բացօթյա միջոցառմանը ելույթ ունեցան հայտնի հայ ջազմեններ՝ Լևոն Մալխասյանը (Մալխաս), Արմեն Թութունջյանը (Չիկո), Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ, ինչպես նաև երիտասարդ ջազմեններ՝ իրենց բենդերով:
Միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Ջազի սիրահարներին մատուցված այս տարվա գլխավոր անակնկալը միջոցառման հյուր, ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնայի ելույթն էր: Արմեն Հյուսնունցի բենդի հետ Ռիչարդ Բոնան կատարել է Կոմիտասի «Լորիկ» ստեղծագործությունը՝ դուդուկի ուղեկցությամբ:
Միջոցառման ևս մեկ անակնկալը հայտնի երգիչ Ռոբերտո Կել Տորեսի ելույթն էր: Երգիչը հայ հանդիսատեսին ներկայացավ Հայաստանի մասին երգի պրեմիերայով:
Ջազային ռիթմերը Կասկադ համալիր էին բերել ոչ միայն երևանցիներին, այլև մայրաքաղաքի տասնյակ հյուրերին:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ