Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

21.02.2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ ալ Էնեզիի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է երկու պետությունների մայրաքաղաքների միջև հարաբերությունների ամրապնդումը և նկատել, որ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար այսօր իսկապես առկա է համագործակցության լայն դաշտ:
«Պարոն դեսպան, մենք մեծապես կարևորում ենք երկու մայրաքաղաքների միջև երկուստեք հարաբերությունների ամրապնդումը, և այս հարցում, անշուշտ, մեծ է ինչպես Ձեր դերը, այնպես էլ Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը: Ինչպես գիտեք, արդեն պատրաստ է նաև Երևանի և Էլ-Քուվեյթի միջև բարեկամության մասին համաձայնագրի նախագիծը, որը, համոզված եմ, նաև Ձեր աջակցությամբ շուտով կստորագրվի, ինչը հնարավորություն կտա սերտ համագործակցություն ծավալելու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում», - ընդգծել է քաղաքապետը:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծելով, որ այս առումով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:
«Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը: Օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով մշակվել են քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումային առաջարկներ, որոնք վերաբերում են քաղաքի առանցքային ոլորտներին: Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց շահավետ ներդրումն ունենալ Երևանում և իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանը», - նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Նաուաֆ ալ Էնեզին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, այդ թվում նաև երկու մայրաքաղաքների փոխգործակցության հաստատման և զարգացման ուղղությամբ:
«Պարոն քաղաքապետ, ինձ համարելով Երևանի լիարժեք բնակիչ, պետք է ընդգծեմ, որ իսկապես տպավորված եմ քաղաքի զարգացման տեմպերով, որոնք ուղղված են Երևանն առավել գրավիչ ու հարմարավետ դարձնելուն: Արդեն իսկ համոզվել եմ, որ փոխշահավետ համագործակցության և ներդրումներ կատարելու համար առկա է բավականին լայն դաշտ, և ես շատ ուրախ կլինեմ իմ աջակցությունն ունենալու նաև ներդրումային ծրագրերի իրականացման հարցում, որոնք իրենց հերթին կնպաստեն Երևանի զարգացմանը: Ըստ այդմ, վստահեցնում եմ Ձեզ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը, որպեսզի Երևանի և Էլ-Քուվեյթի միջև բարեկամության մասին համաձայնագիրը հնարավորին շուտ վավերացվի և վերածվի գործնական համագործակցության, որն էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների բարեկամությունը», - նշել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ երկու կողմերի պատասխանատուները համատեղ քննարկեն և նախանշեն Երևանում առաջնահերթ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ուղղությունները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ