Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

28.07.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կշարունակվեն, նաև հույս է հայտնել, որ շնորհիվ դեսպանի գործուն աջակցության` նոր խթան կտրվի երկու մայրաքաղաքների միջև գործնական հարաբերություններին: Առանձնակի կարևորելով դեռևս 2000թ.-ին Երևանի և Բուենոս Այրեսի միջև ստորագրված քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման մասով փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում արդյունավետ փոխգործակցություն ծավալելու համար:
«Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարևորում ենք նաև միջազգային փորձի փոխանակումը: Այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարևոր է նաև գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության խթանումը: Երևանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության շրջանակներն ու, ըստ այդմ, պարոն դեսպան, ակնկալում եմ, որ Ձեր գործուն աջակցությամբ նոր թափ կհաղորդենք Երևանի և Բուենոս Այրեսի միջև գործընկերային երկուստեք կապերին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան իր հերթին, կարևորելով Երևանի քաղաքապետի համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը, ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Բուենոս Այրեսի միջև առավել առարկայական փոխգործակցություն ծավալվի:
«Քաղաքների խնդիրներն իսկապես համանման են, և ես համամիտ եմ Ձեզ հետ, պարոն քաղաքապետ, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցություն ծավալելով` դրանց լուծումն առավել հեշտ է դառնում: Եվ վստահեցնում եմ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը` երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ, և արդեն առաջիկայում մենք կքննարկենք կոնկրետ ծրագրեր իրականացնելու հեռանկարները»,- նշել է դեսպանը:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գոնզալո Ուրրիոլաբեիտիային մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում ու մեկ անգամ ևս ընդգծել, որ քաղաքապետարանը կարևորում է գործընկեր քաղաքների հետ արդյունավետ փոխգործակցության խթանումը և, ըստ այդմ, իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է օժանդակելու Երևանի հետ Բուենոս Այրեսի փոխշահավետ համագործակցության, զբոսաշրջության զարգացման ու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Տեսանյութ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ