Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

25.07.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Հատկանշելով հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանների դերը: Առանձնակի կարևորելով նաև Երևանի և Պեկինի միջև ձևավորված փոխգործակցության շրջանակների ընդլայնումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ գործընկերային կապեր հաստատելու չինական այլ քաղաքների հետ ևս:

Շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ՝ ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունն էլ, առիթն օգտագործելով, նաև շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան նոր համալիրի կառուցման հետ կապված հարցերում ցուցաբերվող գործուն աջակցության համար: Առանձնակի կարևորելով չինական քաղաքների հետ համագործակցության ընդլայնման Տարոն Մարգարյանի պատրաստակամությունը՝ դեսպանն առաջարկել է Չինաստանի արդյունաբերական հզոր կենտրոններից մեկը հանդիսացող Ցինդաո քաղաքի հետ ձևավորել փոխշահավետ համագործակցություն: Դեսպան Թիան Էրլունը նաև հավելել է, որ օգոստոսի վերջին նախատեսվում է Ցինդաո քաղաքի պատվիրակության այցը Երևան, ինչը հրաշալի առիթ կարող է դառնալ երկուստեք կապերի ձևավորման համար:

Ողջունելով Ցինդաո քաղաքի հետ համագործակցություն հաստատելու դեսպանի առաջարկը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ պատվիրակության այցը հնարավորություն կտա ավելի մանրամասն քննարկելու հնարավոր փոխշահավետ համագործակցության ուղղություններն ու շրջանակները:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ