Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի ֆիզիկամաթեմատիկական վարժարան

22.05.2015

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի առաջարկով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նահանգապետի ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգի ֆիզիկամաթեմատիկական վարժարան, ծանոթացել տեղում կազմակերպվող ուսումնական գործընթացին: Երևանի քաղաքապետին ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետին ներկայացնելով կրթօջախի գործունեությունը` պատասխանատուները նշել են, որ ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող վարժարանն իր կարևոր դերն ունի մատաղ սերնդի կրթության ու դաստիարակման գործում: Վարժարանում առկա մասնագիտացված դասարաններն ու լաբորատորիաները հնարավորություն են տալիս էլ ավելի խոր ուսումնասիրել ճշգրիտ գիտությունների այս երկու ճյուղերը: Վարժարան կատարած այցի ավարտին Սանկտ Պետերբուրգի նահանգապետը տեղեկացրել է Երևանի քաղաքապետին, որ կրթօջախում ուսանող հարյուրավոր պատանիների շարքում է նաև հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծոռնուհին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ