Քաղաքապետի պարգևներ՝ Գրադարանավարի օրվա առթիվ

07.10.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Գրադարանավարի օրվա առթիվ հյուրընկալել է համակարգի մի շարք աշխատակիցների: Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել երկար տարիների նվիրված աշխատանքի համար:


«Չնայած տասնամյակների ընթացքում առաջացած խնդիրներին ու դժվարություններին, դուք ձեր ամենօրյա նվիրված աշխատանքով պահել եք և փորձել եք եղած հնարավորություններով զարգացնել գրադարանային ոլորտը: Ձեր կարևոր առաքելության շնորհիվ, տեխնոլոգիաների այս դարում, դուք սեր եք սերմանում դեպի գիրքն ու ընթերցանությունը»,- նշել է քաղաքապետը:


Մասնագիտական տոնի առթիվ, համայնքային գրադարանների զարգացման մեջ ունեցած ներդրման, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել «Ա.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը, «Աջափնյակ վարչական շրջանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի մեթոդիստ Ալմաստ Ումրիկյանը և «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շուշանիկ Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն Սոֆիա Խաչատրյանը:


«Երևան քաղաքի թիվ 11 գրադարան» ՀՈԱԿ-ի ավագ գրադարանավար Հայկուհի Թորոսյանը, «Երևանի թիվ 18 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն Սուսաննա Չիբուխչյանը և «Երևանի թիվ 32 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն Սուսաննա Խաչատրյանն էլ պարգևատրվել են Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով:

 

Երևանում համայնքային ենթակայության 19 գրադարան է գործում: 2019թ. քաղաքի բյուջեի միջոցներով համայնքային գրադարանները համալրվել են նոր գրքերով, 2022-ին նախատեսվում է էականորեն ավելացնել այդ նպատակին ուղղվող հատկացումները:

Լուսանկարներ

Տեսնել ավելին