Քաղաքային ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցողների խնդիրների լուծմանը

03.12.2021

Հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները տարբեր են՝ քաղաքում հարմարավետ տեղաշարժի ապահովումից մինչև ներգրավում տարբեր միջոցառումներում: 2021-ի ընթացքում քաղաքային իշխանությունը նախաձեռնեց մի շարք սոցիալական ծրագրեր:

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ զինհաշմանդամների բնակարաններում և շենքերում իրականացվեցին պայմանների հարմարեցման աշխատանքներ:


Վերելակների փոխարինման այս տարվա ծրագրում առաջնահերթ ընդգրկվեցին այն հասցեները, որտեղ ապրում են 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները:


Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության աջակցության ծրագրով զինհաշմանդամներին տրամադրվեցին նաև հոգեբանական ծառայություններ, իսկ ընտանիքներին, ըստ կարիքի, անհրաժեշտ պարագաներ:


Սոցիալական ձեռներեցության տարբեր ծրագրերում ներառելու նպատակով էլ «Ապագա» հիմնադրամի հետ, զինհաշմանդամների և միայնակ մայրերի համար, ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա, կազմակերպվեցին մասնագիտական ուսուցման դասընթացներ:


Տարվա ընթացքում հատուկ էր ուշադրությունը հաշմանդամություն ունեցող տարեցների խնդիրներին: «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ նրանց համար կազմակերպվեցին բարեգործական ճաշարաններ, նաև տնային խնամքի, բուժսպասարկման և այլ ծառայություններ: Տարեցները հնարավորություն են ունեցել նաև այցելել Հայաստանի տեսարժան վայրեր:


Համայնքի աջակցությամբ «Փրկություն» հասարակական կազմակերպությունը տարբեր վարչական շրջաններում բնակվող մտավոր խնդիրներ ունեցող իր շահառուներին հնարավորություն ունեցավ տեղափոխելու կենտրոն և տեղում աշխատելու նրանց հետ:


Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար «Քայլ առաջ» կազմակերպության հետ 2021-ին կազմակերպվեցին ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացման սոցիալ-առողջապահական, անհատական և խմբային աշխատանքներ: «Լիարժեք Կյանք» ՀԿ հետ համագործակցությամբ հաշմանդամություն ունեցող երեխաները մասնակցեցին նաև Ստեփանավանում կազմակերպված ներառական ճամբարին:


Հատուկ կարիքներով և առողջական քրոնիկ խնդիրներ ունեցող երեխաները պարբերաբար ներգրավվեցին ներառականությունն ապահովվող տարբեր նախաձեռնություններին:


Հաշմանդամություն ունեցող երեխաներն այսօր ապրում են նաև մարզական ակտիվ կյանքով: Երևանի քաղաքապետարանը «Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիա»-ի հետ ապահովում է հենաշարժողական խնդիրներով երեխաների տեղափոխումը կենտրոն, որտեղ նրանք զբաղվում են սպորտով ու մարզվում:

 

Տեսանյութ

Քաղաքային ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցողների խնդիրների լուծմանը