Երևանի մի շարք փողոցներում այս տարի կկառուցվեն մայթեր

12.04.2019

Ուլնեցի-Ահարոնյան փողոցների խաչմերուկն է: Տարիներ շարունակ տեղի բնակիչներն ու նաև հարևանությամբ գտնվող դպրոցի աշակերտներն ու բժշկական կենտրոնի այցելուներն այս հատվածով անցնում էին փողոցի երթևեկելի մասով. մայթ չկար: 

Խնդիրն ամիսներ առաջ բարձրացրեց նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը: Լուծումը չուշացավ: Հասցեն ներառվեց քաղաքապետարանի շինբարեկարգման այս տարվա ծրագրում: Այսօր արդեն մայթը վերակառուցվում է:
«Ակտիվ աշխատում ենք մեր բնակչության հետ, բակային հանդիպումների, ընդունելությունների, նաև սոցիալական ցանցերով: Բնակիչների խնդրանքով որոշեցինք, որ առաջնահերթության կարգով պետք է նորոգվի շուրջ 100 մ երկարությամբ մայթային այս հատվածը: Այսքանով, իհարկե, չենք սահմանափակվելու և ծրագիրը լինելու է շարունակական՝ ընդգրկելով այլ հատվածներ», - նշում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:
Նոր եզրաքարերով, ասֆալտապատ ու հարմարավետ մայթ: Ահա այսպիսին կդառնա անխնամ և ոչնչով մայթ չհիշեցնող տարածքը: Առանձնացվում են նաև ծառերի բնաբաժակները: Մայթի մի հատվածն ամբողջությամբ գրաված այս տաղավարն էլ դուրս կբերվի և կտեղափոխվի: Այնուհետ կլուծվի նաև հարակից մետաղական ցանկապատի ամրացման և արդիականացման խնդիրը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է վարորդների և հետիոտնի ներողամտությունը: Մինչև ապրիլի վերջ մայթը պատրաստ կլինի և կհանձնվի բնակիչներին:
Մայթերը նորոգելու և կառուցելու խնդիր կա Երևանի տարբեր հատվածներում: Հարևան Արաբկիրում ևս կան մի շարք հասցեներ, որոնք նույնպես ընդգրկված են այս տարվա ծրագրում: Մեծածավալ աշխատաքներ են նախատեսված նաև Կենտրում:
«Այս տարի նախատեսված է մայթերի 4600 քմ նոր սալիկապատում, 600 քմ սալիկների նորոգում: Բացի այդ, այս տարի իրականացվելու է միջբակային հատվածների և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգում: Կվերանորոգվեն ու կփոխարինվեն նաև մայթերի եզրաքարերը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:
Աշխատանքների մրցույթներն արդեն անցկացվել են, շինարարությունը կմեկնարկի շուտով:
Յուրաքանչյուր փողոց պետք է ունենա մայթ և երթևեկելի գոտի՝ ապահովելով թե՛ հետիոտնի և թե՛ վարորդների անվտանգությունը:

Տեսանյութ

Երևանի մի շարք փողոցներում այս տարի կկառուցվեն մայթեր