ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Քայլել ժամանակին համընթաց. քաղաքապետարանում քննարկվել է միջազգային ուրբանիստական համաժողով կազմակերպելու հարցը

08.02.2019

Ինչպե՞ս անել, որ քաղաքի զարգացման ծրագրերն ու բարեփոխումները դառնան տնտեսական խոշոր հեռանկարների հիմք: Երևանում գտնվող Moscow Urban Forum-ի ներկայացուցիչներն ուսումնասիրել են Երևանի հիմնախնդիրները, զարգացման ծրագրերն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով համանման համաժողով կազմակերպել Երևանում: Մասնագետները կարծում են, որ կարճ ժամանակահատվածում Երևանը կարող է դառնալ արագ զարգացող ժամանակակից քաղաք: 

2012թ.-ից ի վեր անցկացվող Moscow Urban Forum-ը յուրաքանչյուր տարի տարբեր մասնագետներ է ներգրավում աշխարհի տաբեր երկրներից՝ նպատակ ունենալով ձևավորվել գլոբալ քաղաքային օրակարգ, ներկայացնել միջազգային վերջին քաղաքաշինական միտումները, որոնք նպաստում են քաղաքային կայուն զարգացմանը, ինչպես նաև հարթակ է հանդիսանում խոշոր քաղաքների ղեկավարների, փորձագետների, ներդրողների և հասարակական կազմակերպությունների միջև հանդիպումների ու գաղափարների փոխանակման համար:
«Կարծում ենք՝ այս փուլը Երևանի համար քաղաքական առումով ամենահարմարն է փոփոխությունների իրականացման համար, քանի որ քաղաքային իշխանությունը վայելում է բնակիչների համակրանքն ու վստահությունը: Յուրաքանչյուր բարեփոխում իրականացնելիս նախևառաջ պետք է մտածել, թե ի՞նչ կտա այն քաղաքի տնտեսական զարգացմանը, ինչն էլ իր հերթին քաղաքին կապահովի ուրույն դիրք աշխարհի քաղաքների շարքում: Հիմա աշխարհում երկրների զարգացումն ու մրցունակությունը դիտվում է պետության խոշոր քաղաքի օրինակով և չափվում կյանքի որակի, տեխնոլոգիաների և զբոսաշրջության զարգացմամբ: Փոփոխությունների նման ռազմավարություն որդեգրելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որն, ինչպես երևում է, Երևանն այսօր ունի», - Երևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Moscow Urban Forum-ի ծրագրերի տնօրեն Վասիլի Աուզանը և հավելեց, որ համաշխարհային չափորոշիչներով մի քանի խմբերի բաժանվող առաջադեմ քաղաքների շարքում Երևանը, վստահաբար, կարող է հայտնվել այնպիսի քաղաքների խմբում, ինչպիսիք են Սինգապուրը, Թել-Ավիվը, Լյուքսեմբուրգը կամ Տալլինը:
Երևանը, որն աշխարհի հայության միավորող օղակն է, ունի հարուստ ժառանգություն, որը կարելի է համադրել նորարարությունների և սթարթափ նախագծերի հետ ու ստանալ հետաքրքիր արդյունք:
Քաղաքային իշխանության ներկայացուցիչները հավանություն տվեցին քաղաքաշինական համաժողով անցկացնելու գաղափարին և նախաձեռնությունն իրականացնու նպատակով պայմանավորվեցին շարունակել շփումները մոսկովյան կողմի հետ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player