Քննարկվել են Երևան և Ցինդաո քաղաքների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

01.10.2018

Երևան և Ցինդաո քաղաքների միջև մեկ տարի առաջ սկիզբ առած կապերի զարգացման, ինչպես նաև ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանի և Չինաստանի Ցինդաո քաղաքի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վան Ջինշոնգի գլխավորած պատվիրակության միջև կայացած հանդիպման ընթացքում: 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջև հնարավոր կլինի ծավալել արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն՝ քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին, ներկայացնելով քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային փաթեթներն ու քաղաքականությունը, ընդգծել է, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար՝ Ցինդաո քաղաքի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վան Ջինշոնգը նախ շնորհավորել է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանը, ապա նկատել է, որ երկու քաղաքների միջև առկա է համագործակցության լայն դաշտ:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շրջանակում համագործակցության շուրջ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ