Քննարկվել են Երևանի և Լիոնի միջև զբոսաշրջության զարգացման հարցերը

06.03.2018

Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության՝ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու քաղաքների միջև զբոսաշրջության զարգացման հարցերն են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի և Լիոնի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պատասխանատու Կանդիս Արլենի միջև հանդիպման ընթացքում:

Ներկայացնելով Երևանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները` Գևորգ Օրբելյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն առանձնահատուկ կարևորում է գործընկեր քաղաքների հետ համագործակցությունը և նոր համատեղ նախագծերի իրականացումը: Նա իր ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է նաև Երևանում նախատեսվող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կառավարման մոդելը:
Իր հերթին Կանդիս Արլենը ընդգծել է Երևանի հյուրընկալությունն ու յուրօրինակ ջերմությունը և հույս հայտնել, որ առաջիկայում երկու քաղաքների միջև զբոսաշրջային հոսքերը կավելանան:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ