Քննարկվել են տրոլեյբուսային ցանցի արդիականացման և զարգացման իրագործելիության ուսումնասիրման արդյունքները

22.02.2017

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպում-քննարկմանը, որը վարել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ներկայացվել են մայրաքաղաքում տրոլեյբուսային ցանցի արդիականացման և զարգացման ուղղությամբ կատարված ուսումնասիրություններն ու առաջարկները: Հանդիպմանը մասնակցել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Դաբլ Յու Էս Փի. Փարսոնս Բրինքերհոֆ» խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչներ:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ընդգծելով Երևանի երթուղային նոր ցանցի անհրաժեշտությունը, նշել է, որ քաղաքապետարանը կարևորում է հատկապես էկոլոգիապես մաքուր տրանսպորտի՝ տրոլեյբուսների դերը, ինչով պայմանավորված ներկայում հետաքրքրված է տրոլեյբուսային ցանցի հնարավոր զարգացմամբ, ինչն իր հերթին որոշակիորեն կբեռնաթափի հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ:
Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զագացման եվրոպական բանկի միջև համագործակցության շրջանակում խորհրդատվական կազմակերպության կողմից ներկայացվել են իրականացված ուսումնասիրության արդյունքները, մասնավորապես դիտարկվել են հասարակական տրանսպորտի տարբեր միջոցների փոխգործակցության առանձնահատկությունները և գնահատվել կրկնվող ծառայությունների և դրանց անարդյունավետության ծավալը: Նշվել է, որ քանի որ տրոլեյբուսային ցանցը հանդիսանում է ընդհանուր տրանսպորտային համակարգի մի մաս, ապա դրա արդյունավետությունը չի կարող ապահովվել առանց տրանսպորտային համակարգի բարեփոխման և միասնական տոմսային համակարգի ներդրման, որն էլ իր հերթին նախատեսված է իրականացնել Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով: Միաժամանակ նշվել է, որ երկու ծրագրերի համակցումը թույլ կտա ապահովել ամբողջ տրանսպորտային համակարգի որակի, ծածկույթի բարելավում, ինչպես նաև հասարակական տրանսպորտի համապարփակ և միասնական ցանցի ստեղծում:
Վահե Նիկոյանը, շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, հույս է հայտնել, որ տրանսպորտի ոլորտում նախատեսվող բարեփոխումների ընթացքում հնարավոր կլինեն նաև տրոլեյբուսային ցանցի զարգացմանն ուղղված ծրագրերը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել ուսումնասիրության շուրջ քննարկումները և հետագայում դրանց գործնական ընթացք տալ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին