Կանանց միջազգային տոնին ընդառաջ բացվել է «Նկարչուհիները կանանց տոնին» խորագրով ցուցահանդես

07.03.2018

Կանանց միջազգային տոնին՝ Մարտի 8-ին ընդառաջ, Հայաստանի նկարիչների միությունում բացվել է արդեն ավանդական դարձած «Նկարչուհիները կանանց տոնին» խորագրով ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացվել են ավելի քան 90 նկարչուհիների շուրջ 110 ստեղծագործություններ:

ՀՀԿ կանանց խորհրդի աջակցությամբ կազմակերպված ցուցահանդեսին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ և կարևորել նմանատիպ միջոցառումների կազմակերպումը մայրաքաղաքում:
«Ցանկանում եմ, որ երկարակյաց լինեք, շարունակեք ձեր կանացի հմայքով զարդարել մեր Երևան քաղաքը, որ ձեր ստեղծագործ կերպը հարատևի մեզանում: Սա ավանդական ցուցահանդես է և ամեն անգամ նոր ձեռագրեր, ոճեր ու ժանրեր են հայտնվում, ինչը մեզ շատ ոգևորում է: Կեցցեն նրանք, ովքեր իրենց ստեղծագործական ներաշխարհը կարողանում են կտավին հանձնել և ոգևորել բոլորին», - ասել է քաղաքապետի տեղակալը:
Նշենք, որ ցուցահանդեսի դռներն այցելուների համար բաց կլինեն մինչև մարտի 15-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ