Կայացել է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստ

09.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին:

Խորհրդաժողովին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մարզպետներ, համայնքապետեր, Կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետների դաշնագիր-արևելք» ծրագրի, «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման», համայնքներում էներգաարդյունավետության և այլ ծրագրերի ներկայացուցիչներ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման խնդիրները, անդրադարձ է կատարվել մարզերում ու համայնքներում տնտեսական զարգացմանը միտված ծրագրերին, Հանրապետությունում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքին, համայնքների խոշորացման գործընթացին: Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ներկայացրել են համայնքների զարգացման, ֆինանսական ներգրավվածության, ֆինանսավորման այլընտրանքային հնարավորությունները:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ամփոփել է համայնքների խորհրդաժողովի արդյունքները, խոսել ոլորտի հիմնախնդիրների մասին, որից հետո խոշորացված մի շարք համայնքների ղեկավարներ ներկայացրել են գործունեության մեկ տարվա ձեռքբերումները, արձանագրված հաջողությունները, առկա խնդիրները և առաջարկվող լուծումները:
Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդաժողովի ամփոփիչ նիստում հանդես է եկել ելույթով, պատասխանել միջոցառման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին