Կազմվել է մուտքերի վերանորոգման 2016-2019թթ. աշխատանքների իրականացման ծրագիրն ու ժամանակացույցը

25.07.2016

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, ինչպես նաև հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ արդեն իսկ կազմվել է մուտքերի վերանորոգման 2016-2019 թվականների աշխատանքների իրականացման ծրագիրն ու ժամանակացույցը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևել աշխատանքների որակի պահպանմանը, ինպես նաև բնակչությանը պարբերաբար ներկայացնել ինչպես ընթացիկ աշխատանքները, այնպես էլ կազմված ծրագիրն ու ժամանակացույցը:

 Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթանում են Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի, ինչպես նաև Վերնիսաժի տարածքում իրականացվող վերակառուցման աշխատանքները: Նաև զեկուցվել է, որ նախկինում այդ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնող 350 անձինք իրենց գործունեությունը շարունակում են «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում, որտեղ ապահովված են անհրաժեշտ պայմաններ:
 Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը փողոցների ճաքալցման և փոսանորոգման, ինչպես նաև ասֆալտապատման աշխատանքների, բացի այդ նաև շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել ընթացիկ աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով որակի ու ժամկետների պահպանումը:
 Քաղաքի գլխավոր դիզայները զեկուցել է, որ շարունակվում են երկաթյա կառուցվածքների ներկման և բակերի նկարազարդման աշխատանքները: Նստարանների և աղբամանների վերանորոգման աշխատանքների հետ կապված էլ նշվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտվել են, սակայն գրանցվում են նստարանների միտումնավոր վնասման և կոտրման դեպքեր: Քաղաքապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում վերականգնել դրանք, բացի այդ ոստիկանության հետ համատեղ նաև գործնական քայլեր ձեռնարկել քաղաքային գույքը միտումնավոր վնասող անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
 «Համայնքային գույքի և ընդհարապես քաղաքի հանդեպ նման վերաբերմունքը պետք է խստորեն դատապարտվի ու օրենքով սահմանված կարգով պատժվի: Նման արատավոր երևույթները պետք է բացառվեն: Ըստ այդմ, ոստիկանության հետ համագործակցելով, վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցների հետ միասին գործնական քայլեր ձեռնարկեք այդ ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 Խորհրդակցության ընթացքում թեքահարթակների կառուցման աշխատանքների ընթացքի մասին էլ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 270 թեքահարթակ, որոնցից 130-ն արդեն իսկ կառուցվել է: Հիշեցնենք, որ ինչպես շինարարության ընթացքում, այնպես էլ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, այդ ամենը տեղում հետևում և գնահատում են նաև շահառու ՀԿ-ների ներկայացուցիչները:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին