Մանկապարտեզների ավարտական հանդեսների շրջանակում այս տարի ևս երեխաներին կհանձնվի շուրջ 10000 դպրոցական պայուսակ

21.05.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ արդեն իսկ ձեռնարկվել են բոլոր միջոցները քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավարտական խմբերի սաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների տարրական դասարանների երեխաներին պայուսակների և գրենական պիտույքների տրամադրման գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Ըստ այդմ, շուրջ 10000 պայուսակ՝ 18 անուն գրենական պիտույքներով, արդեն իսկ տրամադրվում են մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուներին, որոնք մանկապարտեզների ավարտական հանդեսների շրջանակում կհանձնվեն ավագ խմբերի երեխաներին, ովքեր այս տարի առաջին անգամ կգնան դպրոց։

Միաժամանակ, հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի, մանկապարտեզների ավագ խմբերում սահմանված է խիստ հսկողություն՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ:
Մշակույթի վարչության պետը զեկուցել է, որ արդեն իսկ հստակեցված է հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մայրաքաղաքում նախատեսված տոնական միջոցառումների ժամանակացույցը: Այս համատեքստում նշվել է, որ բազմաբնույթ տոնական միջոցառումներ կկազմակերպվեն նաև Երևանի կենդանաբանական այգում, որի հերթական տարեշրջանի բացումը տեղի կունենա մայիսի 26-ին:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ