ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Պետք է զերծ մնանք այն գործելաոճից, որն արժանացել է հանրային կամ մասնագիտական պարսավանքի. մարտի 5-ից Երևանում կմեկնարկի գարնանային էտը

01.03.2019

Մարտի 5-ից մայրաքաղաքում կմեկնարկեն գարնանային էտի աշխատանքները: Գործընթացը կիրականացվի մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման շրջանակում բնապահպանության վարչության պետն ու ոլորտի մասնագետները վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցներին են ներկայացրել այն հիմնական պահանջները, որոնք պետք է կիրառվեն ծառերի էտի ժամանակ:

«Պետք է զերծ մնանք այն գործելաոճից, որն արժանացել է հանրային կամ մասնագիտական պարսավանքի, և կարողանանք ըստ ծառատեսակների, ըստ խնամքի պահանջների այնպիսի լուծումներով առաջ գնալ, որոնք կլինեն և՛ ճիշտ, և՛ ընդունելի հանրության կողմից», - նշում է Խաչիկ Հակոբյանն ու հավելում, որ ծառերի էտի ու խնամքի գործընթացը սահմանված ժամանակացույցով և հասցեական իրականացնելու նպատակով ծառերը կանձնագրավորվեն:
«Այսուհետ էտման աշխատանքները մենք պետք է կատարենք միայն պլանավորված՝ ըստ փողոցների, ըստ կոնկրետ հասցեների, ըստ պուրակների, այգիների ծառատեսակային կազմի: Մնացած բոլոր դեպքերում էտն իրականացնելու ենք միայն արտակարգ իրավիճակներում և անվտանգության խնդիրներով պայմանավորված»,- ասում է բնապահպանության վարչության պետը:
Մոտեցումը հստակ է նաև մայրաքաղաքում գոյություն ունեցող չորացած ծառերի հարցում. դրանք պետք է հատվեն:
«Մենք խնդիր չունենք չորացած ծառերը պահպանելով՝ ձևացնել, իբր քաղաքում ավելի շատ ծառ ունենք, քան իրականությունն է: Դրանք յուրաքանչյուր պահի կարող են վտանգավոր դառնալ հարակից բնակչության, շինությունների և մարդկանց սեփականության համար: Ո՞վ է պատասխանատվություն կրելու, ո՞վ է հետևանքների մասին հոգալու: Ծառ ունենք այնքան, որքան աճի շրջանում տեսնում ենք կանաչած: Մնացած բոլոր ծառերը պետք է գրագետ հեռացնել»,-նշում է Խաչիկ Հակոբյանը:
Այս տարի նոր մոտեցում կցուցաբերվի նաև էտված ճյուղերի հարցում, դրանք տեղում կմանրացվեն:
«Մենք մուլչավորման գործընթաց ենք իրականացնելու: Հատուկ սարքավորումների միջոցով ծառերի հատված ճյուղերից կստանանք թեփ հենց տեղում, ինչը հնարավորություն կտա զերծ մնալ կտրված ճյուղերի կուտակումներից: Քաղաքային հետաքրքիր այս մշակույթի ներդումը նաև հոգատար վերաբերմունք է մայրաքաղաքի նկատմամբ: Թեփը կրկին կտրամադրվի սոցիալական այն խմբերին, որոնց տարիներ շարունակ բաժանվել են ճյուղերը»:
Քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու նպատակով ծառերի էտը հիմնական պողոտաներում ու փողոցներում կիրականացվի երթևեկության ոչ բանուկ ժամերին կամ հանգստյան օրերին:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player