Մայիսի 15-ից կտրվի «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղու նոր տարեշրջանի մեկնարկը

07.05.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տուրիզմի բաժնի պետը զեկուցել է, որ, հաշվի առնելով «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսների վերաբրենդավորման գործընթացը, այս տարի ծրագրի տարեշրջանի մեկնարկը կտրվի մայիսի 15-ից:
Երևանում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման գործընթացի հետ կապված, զեկուցվել է, որ Նալբանդյան-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկում մեկնարկել են համապատասխան շինարարական աշխատանքները և առաջիկա օրերին կտեղադրվի առաջին կետը:
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա առթիվ ապրիլի 18-ից մեկնարկել են մայրաքաղաքի հուշարձանների լվացման և դրանց շրջակայքում առկա QR կոդ-ցուցանակների գույքագրման աշխատանքները: Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը զեկուցեց, որ 120 գույքագրված հուշարձաններից 37-ում առկա են համապատասխան ցուցանակներ, առաջիկայում, մասնավորի հետ համագործակցությամբ, մյուսները ևս կհամալրվեն նմանատիպ ցուցանակներով: Միաժամանակ, զեկուցվել է, որ վերագործարկվել է նախնական տարբերակով QR-կոդ-ցուցանակների հետ կապված monuments.yerevan.am  կայքը, որի վրա այցելուները կարող են գտնել հուշարձանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը:
Խորհրդակցությանը նաև զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, Հաղթանակի զբոսայգում ավարտվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ