Մայրաքաղաքի հանրակրթական երկու դպրոցներում բացվել են ռեսուրսային դասասենյակներ

24.03.2017

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներառական կրթություն իրականացնող հիմնական դպրոցներում շարունակվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար նախատեսված ծրագրերը: 

Մայրաքաղաքի համար 163 հիմնական դպրոցում բացվել է աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների համար ռեսուրսային դասասենյակ: Ծրագրի նպատակն է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ներգրավել և մասնակից դարձնել կրթական ընդհանուր գործընթացին: Դասասենյակները վերակառուցվել են միջազգային չափանիշներին համապատասխան: Դասարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով և զարգացնող խաղերով:
Դասասենյակը ծառայելու է ոչ միայն 163 դպրոցի, այլև ներառական կրթություն իրականացնող հարակից դպրոցներում սովորող և դպրոց ընդունվել պատրաստվող երեխաների համար:
Նմանօրինակ ռեսուրսային դասասենյակ է բացվել նաև մայրաքաղաքի համար 126 հիմնական դպրոցում, որտեղ հաճախելու է 30 երեխա:
Երեխաների Զարգացման միջազգային կենտրոնի հետ իրականացվող ծրագիրը կյանքի է կոչվել «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շրջանակում՝ մի շարք կազմակերպությունների աջակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյաը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ Երևանի քաղաքապետարանը ներառական կրթությանն ուղղված նախաձեռնությունները հնարավոր են դառնում հասարակական մի շարք կազմակերպությունների հետ մշտական համագործակցության շնորհիվ:
«Այսօր արդեն մայրաքաղաքի թվով 54 հիմնական դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն, ինչը մեզ համար շատ կարևոր գործընթաց է և որի ուղղությամբ աշխատանքները շարունակական են: Նշված դասասենյակների ստեղծման այս ծրագրի շնորհիվ տասնյակ երեխաների համար կբացվեն ներառական կրթության համակարգ ինտեգրման նոր դռներ, որոնք, վստահաբար, կարդարացնեն իրենց և կնպաստեն աշխատանքի արդյունավետությանը»,-նշել է Գայանե Սողոմոնյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին