ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մայրաքաղաքի մայթերի ձնամաքրման գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները

17.02.2020

Փետրվարի 8-ին տեղացած ձյունն ու դրան հետևած սառնամանիքը հետիոտնի համար խնդիրներ առաջացրեց՝ մայթերին ստեղծելով դժվարանցանելի իրավիճակ: Դրանք սառցապատ էին, քայլելը՝ վտանգավոր: Դեռևս նախորդ տարվանից մայրաքաղաքի մաքրությամբ, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքներով հիմնականում զբաղվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Փողոցների ձնամաքրման համար կազմակերպությունն այսօր ունի անհրաժեշտ տեխնիկա: Արդյունքում՝ կատարված աշխատանքը գոհացնում է վարորդներին: Սակայն դեռևս անելիքներ կան մայթերի մաքրման համար հատուկ տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ: 

«Մենք նոր ենք կազմավորել մեր համայնքային ընկերությունը և արդեն վերջնական համալրել ենք տեխնիկայով, որը զբաղվում է փողոցների ձնամաքրմամբ, աղբահանությամբ, և տեսնում եք, որ երկու մասով էլ արվում է լավագույնը՝ վերջին տասնամյակների մեջ: Եվ շատ բնական է, որ դեռևս չենք հասցրել համալրվել մայթերը մաքրող տեխնիկայով: Մինչ այս, որ ձյունը գալիս էր, այնպես էր ստացվում, որ չէր սառցակալում, և մենք մեր աշխատակիցների ուժերով մաքրում էինք մայթերը, երբ կա սառցակալում, ուղղակի հնարավոր չէ, պետք է տեխնիկա, որն էլ այս տարվա մեջ արդեն գնումների միջոցով ձեռք կբերենք, մյուս տարի այդ խնդիրները չենք ունենա»,- ընդգծում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Համայնքից բացի, մայրաքաղաքի մայթերի ձնամաքրման հարցում պատասխանատու են նաև տնտեսվարողները: Դեռևս 2009թ. Երևանի ավագանու որոշմամբ հստակ կարգ է սահմանվել՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման՝ տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ապահովել տեղացած ձյան ամենօրյա մաքրումը, այլև տեղումների դադարից հետո մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատված հատվածները պետք է ամբողջությամբ մաքրեն ձյան և սառույցի կուտակումներից:
«Պարտադիր բարեկարգման աշխատանքներն իրենց մեջ ներառում են թե՛ ձնից ու սառույցից մաքրում, թե՛ կանաչապատման, ինչպես նաև հարակից հատվածների սալիկների փոփոխման աշխատանքներ»,- ասում է Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արամ Մարտիրոսյանը:

Սոցիալական պատասխանատվության այս մոտեցումն, ի դեպ, ընդունված է աշխարհի զարգացած շատ երկներում:
«Հստակ սահմանված է աշխատանքների ցանկը, որի նկատմամբ արդեն ՏԻՄ օրենքով վերահսկողություն են իրականացնում վարչական շրջանների ղեկավարները: Նաև կա լիազորություն, և այդ աշխատանքների չկատարման դեպքում տնտեսվարողները տուգանվում են: Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 156-րդ հոդվածով վարչական պատասխանատվության չափը կազմում է 15.000-20.000 դրամ»,- նշում է Արամ Մարտիրոսյանը:
«Վերահսկման մեխանիզմներ ունենք՝ այդ թվում նաև ակտավորման և վարչարարություն իրականացնելու, բայց մենք զերծ ենք մնում պատժիչ մեթոդներից և աշխատում ենք բանակցությունների, ավելի փոխհամագործակցության մթնոլորտում մեր տնտեսվարողներին բերել այդ դաշտ, որպեսզի իրենք այնուամենայնիվ իրենց հարակից մայթային տարածքները բարեկարգեն, իսկ ձմռան ամիսներին ձնամաքրման աշխատանքներ իրականացնեն: Նախորդ տարվա համեմատ բավականին առաջընթաց կա այդ առումով, քանի որ կա վստահություն քաղաքային իշխանությունների նկատմամբ, և տնտեսվարողներն ավելի ու ավելի են համագործակցության դաշտ գալիս: Այնուամենայնիվ, բավարար չի դեռևս այդ իրավիճակը, կարծում եմ, միաժամանակ հետո այդ արդյունքը կզգանք»,- նշում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:
Համայնքային կառույցում անհրաժեշտ տեխնիկայի համալրումը շարունակվում է: Կազմակերպությունն այսօր ունի 30 միավոր ձնամաքրման հատուկ տեխնիկա: Ձեռնարկված քայլերի արդյունքում շատ շուտով համայնքը ձեռք կբերի նաև մայթերը մաքրող մասնագիտացված մեքենաներ:

 

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player