Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են կրծողների դեմ պայքարի միջոցառումներ

23.05.2017

Մայրաքաղաքի վարչական շրջանների բակային տարածքներում դեռատիզացիայի մասնագիտացված կազմակերպությունները համատիրությունների աջակցությամբ շարունակում են դեռատիզացիայի կամ կրծողների դեմ պայքարի միջոցառումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրծողների ակտիվ վերարտադրողականության շրջանը գարնան և աշնան ամիսներն են, հատուկ դեղանյութերը տեղադրվում են տասնօրյա պարբերականությամբ: Հատուկ նյութերը դրվում են բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու խնդրահարույց այլ հատվածներում: Լրացուցիչ միջոցառումներն ընթանում են նաև այն հասցեներում, որոնցից բնակիչները ահազանգել էին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծի հեռախոսահամարներով: Բացի այդ, մասնագիտական միջոցառումների ընթացքում լիարժեք արդյունքի ապահովման համար մաքրվում են նաև վերելակների հորանները: Ուսումնասիրությունները փաստում են, որ հետևողական աշխատանքի, պայքարի առավել արդյունավետ դեղամիջոցների և ժամանակին իրականացվող աղբահանության արդյունքում կրծողների վերաբերյալ ահազանգերը նախորդ տարիների համեմատ մի քանի անգամ նվազել են: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերում ու հարկաբաժիններում կտրականապես արգելվում է թողնել սննդի մնացորդներ, ինչը կարող է հանդիսանալ կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ